Ռուսական գազը Հայաստանի համար էժանացել է $15-ով

Ռուսական գազը Հայաստանի համար էժանացել է $15-ով

PanARMENIAN.Net - Երևանում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ ստորագրվել է փաստաթուղթ, որի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին 165 դոլարի փոխարեն սահմանվել է 150 դոլար:

Այս մասին Մեդվեդև-Աբրահամյան հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում է Panorama.am-ը:

Հարցին, թե դա ինչ ազդեցություն կունենա շարքային սպառողների համար, Աբրահամյանը պատասխանեց, որ դա հայտնի կդառնա պատկան մարմինների կողմից հարցը քննարկելուց հետո:

Հայաստանում 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողները վճարում են 277 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Ընդ որում, ըստ ռուսաստանյան Վեդոմոստի պարբերականի, ռուսական գազի գինը եվրոպացի սպառողների համար ընկել է մինչև 252 դոլար` 1000 խմ դիմաց, նվազելով մոտ 100 դոլարով:

Սպառողների համար գազը թանկացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց: Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին։

Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը կրկին չանդրադարձավ՝ նրանք շարունակեցին վճարել 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---