10 փետրվարի 2007 - 13:28 AMT
Հայաստանը շանտաժի չի ենթարկվի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում
Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար Երեւանին առաջադրվող նախապայմաններն անընդունելի են Հայաստանի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքերով, Հայաստանը շանտաժի չի ենթարկվի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Ինչ վերաբերում է այն բանին, որ Հայաստանը չի մասնակցում Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու նախագծին, ապա Իսագուլյանը չի կարծում, թե վերոնշյալ դիրքորոշումն այնպիսի էական վնաս կարող է հասցնել երկրի տնտեսությանը, ինչի հույսն ունեն Ադրբեջանն ու Թուրքիան: «Հայաստանին որոշ չափով մտահոգում է Վրաստանը, սակայն նրա դիրքորոշումը Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման հարցում դա վրացական ղեկավարության ներքին գործն է»,-նշել է Իսագուլյանը:

Միեւնույն ժամանակ ՀՀ նախագահի խորհրդականը հիշեցրել է, որ նման մտավախություններ առաջացան նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման մեկնարկի ժամանակ: «Սակայն, ինչպես տեսնում եք, նավթամուղի գործարկումից քիչ բան է փոխվել: Ցանկացած դեպքում, իրավիճակը տարածաշրջանում մնում է մեր սեւեռուն ուշադրության կենտրոնում»,-ընդգծել է Իսագուլյանը: