10 փետրվարի 2007 - 15:38 AMT
Երեւանն ու Բաքուն պետք է պայմանավորվեն մշակութային արժեքների ավերման անթույլատրելիության մասին
Առաջարկվում է աշխատանքային խումբ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, որոշելու համար Ադրբեջանում հայկական եւ Հայաստանում ադրբեջանական գերեզմանների պաշտպանության անհրաժեշտ միջոցները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: «Մենք քննարկեցինք այդ հարցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրայի հետ: Երեւանն ու Բաքուն պետք է պայմանավորվեն մշակութային եւ հումանիտար արժեքների ավերման անթույլատրելիության մասին»,-նշել է Ա.Աբրահամյանը: Նրա խոսքերով, այժմ վերականգնվում են նախկին Հարավսլավիայի պատմական հուշարձանները: Այդպես, Կոսովոյի ուղղափառ եկեղեցիների եւ մեջիթների վերականգնման համար միջոցներ են հավաքվել, մշակվել են համապատասխան նախագծեր: «Հակամարտությունների հաղթահարման ուղին շփման կետերի որոնումն է: Դրանք կարող են ամենատարբերը լինել: Բալկաններում, օրինակ, կողմերը կարողացան պայմանավորվել պատմության դասագրքերում փոփոխություններ կատարելու մասին: Միշտ ինչ-որ բանից պետք է սկսել»,-ամփոփել է Արա Աբրահամյանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: