«Ավրորա» մրցանակի հիմնադիրներ. Ապրիլի 24-ին միջազգային հանրությունն ականատեսը կլինի վերածնված մի ազգի

«Ավրորա» մրցանակի հիմնադիրներ. Ապրիլի 24-ին միջազգային հանրությունն ականատեսը կլինի վերածնված մի ազգի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի իրադրության հետ կապված՝ 100 LIVES նախաձեռնության և «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մենք՝ 100 LIVES նախաձեռնության և «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներս, մշտապես հավատարիմ ենք համընդհանուր խաղաղությանը, մարդու իրավունքներին և համարում ենք, որ բոլոր մարդիկ ունեն արժանապատիվ կյանքի իրավունք։ Նախորդ շաբաթվա մարտերն ու դաժանությունները խիստ մտահոգել են մեզ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության առումով: Զոհերը մեծ ցավ բերեցին: Սթափեցնող այդ իրադարձությունները ի ցույց են դնում միջազգային հանրությունը համախմբելու և բռնության զոհերին բոլորիս աջակցությունը հայտնելու անհրաժեշտությունը՝ լինեն դրանք Արցախում, թե աշխարհի այլ կետերում»։

Ապրիլի վերջին միջազգային հարյուրավոր առաջնորդներ են ժամանելու Երևան՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և «Ավրորա» մրցանակի միջոցով մեծարելու մերօրյա հումանիստներին, որոնք սեփական կյանքը վտանգելով փրկում են ուրիշներին։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ նախորդ շաբաթվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ հիմա, առավել քան երբևէ, կարևոր է ճանաչել և մեծարել այն բացառիկ մարդկանց՝ հերոսներին, որոնք պայքարում են համընդհանուր արժեքների համար և անձնվիրաբար փրկում են մարդկային կյանքեր: Նրանց պատմությունները խավար պահերի լույսի շողերն են և վերահաստատում են, որ բռնությունը ոչ մի դեպքում չի կարող լուծում լինել։

«Պատմության ընթացքում հայերը երբեք չեն ընկճվել՝ նույնիսկ երբ սգում էին իրենց զոհերին: Ապրիլի 24-ին միջազգային հանրությունն ականատեսը կլինի վերածնված մի ազգի՝ հպարտ իր անցյալով և հայացքն առ լուսավոր ապագան: Մենք մեծ սիրով սպասում ենք այդ առաջնորդներին Երևանում՝ փառաբանելու «Ավրորա» մրցանակի հավակնորդների բացառիկ ներդրումը մարդասիրության ոլորտում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---