Ռիչարդ Կիրակոսյան. Կրակի դադարեցման պայմանը չի նշանակում վերադարձ հրադադարին

Ռիչարդ Կիրակոսյան. Կրակի դադարեցման պայմանը չի նշանակում վերադարձ հրադադարին

PanARMENIAN.Net - Ղարաբաղում վերջին օրերի ռազմական գործողությունների առաջին «զոհը» Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը համարում է հրադադարի վերջն ու դիվանագիտական գործընթացի դադարեցումը, հայտնում է Panorama.am-ը:

«Նույնիսկ հիմա, կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը չի նշանակում վերադարձ հրադադարին: Այդուհանդերձ կա 5 դաս, որ պետք է քաղել իրավիճակից»,- ասել է Ռ. Կիրակոսյանը «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա ներկայացմամբ, «1-ին դասը, որ քաղել ենք մենք, այն է՝ բավականին քիչ են լծակները, որոնց գործադրմամբ կարելի է Ադրբեջանին թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը»:

2-րդ դասն, ըստ Կիրակոսյանի, Ադրբեջանի նոր ռազմավարությունն է՝ գրավել ու պահել նոր տարածքներ, 3-րդը՝ իրավիճակի հետ առնչվող նոր համատեքստ է առաջացել, 4-րդը՝ վերաբերում է ներքին իրավիճակին: «Կոռումպացվածությունն ու թափանցիկության պակասն ավելի շատ են վտանգում մեր հասարակությանը»,-ասել է քաղաքագետը:

Ըստ քաղաքագետի, «5-րդ դասն առնչվում է արտաքին գործոններին՝ մասնավորապես Ռուսաստանի դավաճանությանը, քանի որ Ռուսաստանը դիտարկվում էր որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 39 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---