Մինասյան. Չեմ կարծում, որ սահմանին գազի գնի նվազմամբ ապրանքների ինքնարժեքն էլ կիջնի

Մինասյան.  Չեմ կարծում, որ սահմանին գազի գնի նվազմամբ ապրանքների ինքնարժեքն էլ կիջնի

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չի կարծում, որ սահմանին գազի գնի նվազումը կհանգեցնի ապրանքների ինքնարժեքի իջեցմանը:

Ապրիլի 7-ին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ ստորագրվել է փաստաթուղթ, որի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին 165 դոլարի փոխարեն սահմանվել է 150 դոլար:

«Անշուշտ, գնի յուրաքանչյուր իջեցում, անկախ նրանից, թե ինչ ծավալի է, դրական է: Սակայն, տվյալ դեպքում ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գնի 15 դոլարով նվազումը, չեմ կարծում, որ էական նպաստ կբերի Հայաստանի տնտեսությանը՝ ապրանքների ինքնարժեքի իջեցման տեսանկյունից»,- ասել է Մինասյանը:

Հարցին, թե արդյոք սահմանին գազի սակագնի իջեցումը կազդի բնակչության համար մատակարավող գազի գնի վրա, նախարարը նշեց, որ այդ հարցն իր իրավասություններից դուրս է:

«Սակայն ես մնացել եմ այն նույն տեսակետին, որ մենք պետք է գազի և այլ հումքային ապրանքների մասով Ռուսաստանի հետ անցում կատարենք միարժութային վճարման համակարգի, որպեսզի հնարավոր լինի մի կողմից չեզոքացնել արտարժույթի ռիսկը, մյուս կողմից՝ էականորեն կապակցենք այս հումքի գների աճը բացառապես ռուսական ներքին շուկայում այդ նույն հումքի գների հետ: Սա նշանակում է՝ վերանայել նաև համաձայնագիրը»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:

Հայաստանում 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողները վճարում են 277 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Ընդ որում, ըստ ռուսաստանյան Վեդոմոստի պարբերականի, ռուսական գազի գինը եվրոպացի սպառողների համար ընկել է մինչև 252 դոլար` 1000 խմ դիմաց, նվազելով մոտ 100 դոլարով:

Սպառողների համար գազը թանկացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց: Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին։

Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը կրկին չանդրադարձավ՝ նրանք շարունակեցին վճարել 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

 Ուշագրավ
2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի
Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ