Bellingcat. Զգուշավոր գնահատականներով, Ադրբեջանը կորցրել է 400 զինծառայող

Bellingcat. Զգուշավոր գնահատականներով, Ադրբեջանը կորցրել է 400 զինծառայող

PanARMENIAN.Net - Bellingcat միջազգային հետազոտական խումբը հրապարակել է վերլուծություն՝ ապրիլի լույս 2-ից 4-ը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների միջև ռազմական բախումների վերաբերյալ:

Bellingcat-ը բրիտանացի Էլիոթ Հիգինսի ստեղծած նախագիծն է, որը ուսումնասիրում է ռազմական բախումները ու կապակցված թեմատիկ ոլորտները բաց աղբյուրներով՝ սոցցանցերից, յութուբյան տեսանյութերից, քարտեզներից ու արբանյակային լուսանկարներից ստացված տեղեկությունը վերլուծելով: Առավել աղմկահարույց հետաքննությունները վերաբերվում են Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը, Իրաքում, Սիրիայում և Ուկրաինայում ընթացող պատերազմներին, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում հակամարտության ժամանակ ռուսական զորքերի մասնակցությանն ու մալազիական «Բոինգի» խոցմանը:

Հոդվածում վերլուծվում է Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի և հարավային ուղղությամբ գրոհները, կողմերի նպատակները, ուղղաթիռների և դրոնների կիրառումը, բարձունքի գրավումն ադրբեջանցիների կողմից, տանկերի ու հրետանու գործողությունները, հայերի հակագրոհները, Թալիշի մերձակայքում ադրբեջանցի հատուկջոկատայինների ջախջախումն ու առհասարակ ռազմական բախումների ամենակարևոր դրվագներն՝ ընդուպ մինչև հաքերային գործողություններ ու տեղեկատվական պատերազմ: Անդրադառնալով կորուստների խնդրին, վերլուծականը նշում է, որ դրանք սպասվածից ավելին էին՝ հատկապես Ադրբեջանի դեպքում, նամանավանդ հաշվի առնելով, որ Բաքուն իր առաջ դրված խնդիրները կատարեց միայն մասամբ: Պաշտպանվող կողմը սովորաբար հարձակվողի 1/3-ի չափով կորուստներ է ունենում, սակայն հայտնի է, որ Արցախի բանակի գործողությունները ծանր կորուստների են հանգեցրել Ադրբեջանի հատուկջոկատայինների շրջանում: Օգտագործելով զոհերի տարբեր գնահատականներ, Bellingcat-ը եզրակացնում է, որ զոհվել է առնվազն 400 ադրբեջանցի զինծառայող:

«Հանդիպում են նաև 1000-ներով զոհերի գնահատականներ, սակայն Bellingcat-ի զգուշավոր գնահատականով զոհվել է 400-500 ադրբեջանցի զինվոր», - նշվում է վերլուծականում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---