14 փետրվարի 2007 - 12:30 AMT
ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին պահպանել ռազմական հավասարակշռությունն Երեւանի եւ Բաքվի միջեւ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն (ANCA) առաջարկել է Ներկայացուցիչների պալատին եւ ԱՄՆ Սենատի արտերկրյա օգնության տրամադրման պատասխանատուներին 75 մլն դոլար հատկացնել Հայաստանին եւ 10 մլն դոլար Լեռնային Ղարաբաղին եւ պահպանել համաձայնությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնության մեջ հավասարակշռությունը պահպանելու վերաբերյալ: ANCA-ն կոչ է անում վերանայել Ջորջ Բուշի վարչակազմի առաջարկած ԱՄՆ բյուջեի նախագիծը 2008 ֆինանսական տարվա համար: Ըստ ներկայացված բյուջեի Հայաստանի համար նախատեսվող հատկացումները 75 մլն դոլարից կրճատվել են մինչեւ 35 մլն դոլար, ինչը խախտում է հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Փաստաթղթում չկա հատուկ բաժին Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության մասին: Փետրվարի 13-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի եւ արտերկրյա ֆինանսական հատկացումների ենթակոմիտեի անդամներին: «Մենք, իհարկե, շատ հպարտ ենք, որ Հայաստանը շարունակում է մնալ Ամերիկայի լավ բարեկամը, եւ ուժեղ ու հետեւողական աջակցություն է ստանում ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում: Հայաստանը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ է եւ իր խաղաղապահներին Իրաք ու Կոսովո է գործուղում: ANCA- փաստարկներ է բերում Հայաստանին հատկացվող ամերիկայն օժանդակության չափը 75 մլն դոլարի մակարդակին թողնելու վերաբերյալ, քանի որ բարեփոխումների արդյունքում, որոնց նպաստել են նաեւ ամերիկյան զարգացման ծրագրերը, անցած վեց տարվա ընթացքում տնտեսական աճի ծավալը Հայաստանում կազմել է տարեկան ավելի քան 10 տոկոս, ավելի քան կրկնապատկելով հանրապետության ՀՆԱ-ն: Ցավոք, Հայաստանի բնակչությունը դեռեւս ենթարկվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող կրկնակի շրջափակման ավերիչ գործողություններին, որի վնասը, ըստ Համաշխարհային բանկի, կազմում է առնվազն 720 մլն դոլար»,-գրում է նամակում ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կոնգրեսականներին ուղղված ուղերձում Համբարյանը հիշեցնում է Կոնգրեսի եւ Սպիտակ տան միջեւ 2001 թվականի համաձայնագրի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունը պահպանելու մասին:

Արամ Համբարյանն առաջարկել է նաեւ 200 000 դոլար հատկացնել Կալիֆորնիա-Հայաստան առեւտրի պալատին աջակցելու համար, որը կավելացնի ամերիկյան ընկերության առեւտրային համագործակցությունը Հայաստանի եւ հարեւան երկրների հետ: