14 փետրվարի 2007 - 13:18 AMT
Ցեղասպանության մասին օրինագիծ. Ամբողջ հարցը նրանում է, թե ինչ բառերով Բուշը Կոնգրեսին կհայտնի իր դիրքորոշումը
«10 տարի ես եղել եմ Թուրքիայի դեսպանն ԱՄՆ-ում եւ լավատեղյակ եմ այդ երկրի իրադարձություններին: Այսօր Վաշինգտոնում ամենաուժեղ լոբբին ԱՄՆ կառավարությունն է»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Գործադիր աշխատակազմի նախկին ղեկավար, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, Հանրապետական-ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Շուքրյու Էլեկդագը: Նա նշել է, որ Ջորջ Բուշի վարչակազմը լավ հնարավորություն ունի խոչընդոտելու համար Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունմանը: «Եթե նախագահ Բուշը նամակ է գրում Ներկայացուցիչների պալատի նախագահին, որտեղ նշում է, որ «Թուրքիան մեր ռազմավարական դաշնակիցն է, այդ դաշինքը անհրաժետ են դարձնում Ամերիկայի ազգային շահերը: Այն դեպքում, եթե Ներկայացուցիչների պալատը անհեռատես գտնվի եւ որոշի ճանաչել ցեղասպանությունը, Թուրքիայի հետ հարաբերությունները լրջորեն կվնասվեն», ապա, ըստ իս, Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի անդամները հաշվի կառնեն դա: Ամբողջ հարցը նրանում է, թե ինչ խոսքերով Բուշը Կոնգրեսին կհայտնի իր դիրքորոշումը եւ Թուրքիայի նշանակությունը: Եթե Ջ.Բուշը մեղմ ձեւով դիմի Կոնգրեսին, դա դրական արդյունք չի տա»,-նշել է Շուքրյու Էլեկդագը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: