14 փետրվարի 2007 - 13:30 AMT
Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ոչ թե «բազմակողմ համագործակցություն» է, այլ «աշխարհառազմավարական զինադադար»
Վերջին տարիներին Թուրքիայի ռազմավարական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, որոնք մի քանի տասնամյակ որոշիչ գործոն են հանդիսացել թուրքական արտաքին քաղաքականության համար, այնքան են քայքայվել, որ փաստորեն կորցրել են իրական բովանդակությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, դա հաստատվում է ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ լուրջ տարաձայնություններով թեկուզ իրաքյան կամ քրդական խնդիրների հարցում: «Բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վարչապետ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» իսլամիստական կուսակցության իշխանության գալուց հետո բնութագրվում է հարեւան իսլամական երկրների հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու ձգտմամբ, ինչը դուր չի գալիս Վաշինգտոնին»,-ասել է Սաֆրաստյանը: Միեւնույն ժամանակ, ըստ արեւելագիտության ինստիտուտի տնօրենի, վերջին 2-3 տարիներին նախանշված քաղաքական մերձեցումը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ այնքան էլ հարթ չի անցնում, քանի որ պահպանվում են աշխարհաքաղաքական բնույթի հիմնական հակասությունները, մասնավորապես, Հարավային Կովկասի տարածաշրջանի մակարդակով: «Պաշտոնական ռուս-թուրքական փաստաթղթերում արդեն մոտավորապես մեկ տարի է, ինչ ավանդական «համագործակցություն» բառի փոխարեն օգտագործվում է «բազմակողմ համագործակցություն» արտահայտությունը, որը կոչված է ընդգծել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ներկայիս, անցյալի համեմատ հարաբերությունների առավել բարձր մակարդակը: Ցանկացած դեպքում, չենք կարող խոսել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության մասին: Ասվածը թույլ է տալիս եզրակացնել, որ թուրքական արտաքին քաղաքականությունը վերջերս ձգտում է առավել մեծ ինքնուրույնության: Թե որքանով է այն լուրջ, ցույց կտա մոտ ապագան»,-ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը: