9 նոյեմբերի 2002 - 19:41 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ԵԽ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Եվրոպայի Խորհրդի Արտաքին գործերի նախարարների կոմիտեի 111-րդ նստաշրջանի մասնակիցներն աջակցություն են հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում ժողովրդավարության եւ կայունության հաստատմանը նպատակաուղղված ԵԽ գործունեությանը: «Արմինֆո» գործակալության ԵԽ-ից ստացված հաղորդման համաձայն, նախարարների այս հայտարարությունը արվել է Կոմիտեի նախագահ Լիդի Փոլֆերի ընթացիկ տարվա հուլիսին Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կատարած այցերի ամփոփիչ զեկույցի հիման վրա: Այդ համատեքստում ԱԳ նախարարների կոմիտեի անդամները հատկապես ընդգծել են Ռուսաստանի եւ Վրաստանի երկխոսությունը, ինչպես նաեւ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը: Նստաշրջանի ընթացքում արտգործնախարարները եւ նրանց տեղակալները նշել են տարբեր մշակութային եւ կրոնական միջոցառումների անցկացման նախաձեռնությունը, այդ թվում 2003 թվականի մարտին Երեւանում խորհրդաժողով անցկացնելու Հայաստանի նախաձեռնությունը եւ Եվրոպա-Կովկաս-Ասիա «մշակութային միջանցքի» հաստատման վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնությունը, որի նպատակն է տարածաշրջանի պետությունների միջեւ համագործակցության ակտիվացումը: