15 ապրիլի 2016 - 10:14 AMT
ԼՂՀ ՊՆ. Շփման գծում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել, իրավիճակը նույնն է

Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ նույնը: Հակառակորդը առաջնային գծի ամբողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահարային ու ականանետային զինատեսակներից կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 60 անգամ:

Իրավիճակն առավել անհանգիստ է եղել շփման գոտու հյուսիսային (Գյուլիստան), հյուսիսարևելյան (Թալիշ-Մարտակերտ), արևելյան (Մարտունի) և հարավային (Հադրութ) ուղղություններով, որտեղ ադրբեջանական կողմը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-անոց (12 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (16 արկ):

Հատկանշական է, որ հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջին երկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ: Ապրիլի 14-ի գիշերը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գրիգորյանի դեպքը դրա ապացույցն է:

Հաշվի առնելով այս հանգամանքը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց մարտական խնդիրները կատարում են իրադրության զարգացման համահունչ և վստահորեն իրականացնում Արցախի սահմանների պաշտպանությունը: Առաջնային գծում տեղ գտնող միջադեպերից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: