15 ապրիլի 2016 - 16:33 AMT
ՌԴ-ն առաջարկում է Թուրքիային դիտորդներ տեղակայել Սիրիայի հետ սահմանին

Ռուսաստանն առաջարկում է Թուրքիային անկախ դիտորդներ հրավիրել թուրք-սիրիական սահման, որն, ըստ ռուսական կողմի տեղեկությունների, հատում են գրոհայինները, ինչպես նաև մաքսանենգության հոսք է նկատվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այդ բանաձևը, որը մենք առաջարկում ենք, անմիջապես չի առնչվում թուրքական սահմանի «անցքերին», որոնց միջոցով, մեր տվյալներով և արդեն գործնականում բոլորի տվյալներով, ով հնարավորություն ունի հետևել, գրոհայինների ու զենքի հոսք է գնում, իսկ հակառակ կողմից` տարբեր մաքսանենգ ապրանքների հոսք, որը թեև նվազել է ռուսական օդուժի գործողություններից հետո, սակայն, դեռ պահպանվում է…Քանի որ Թուրքիան ժխտում է նման խնդրի առկայությունը, ապա մենք առաջարկում ենք, դեռևս ոչ ձևական տեսքով, բանաձևի նախագիծ կամ մեկ այլ լուծում, որպեսզի Թուրքիան միջազգային անկախ դիտորդներ հրավիրի իր տարածք, որոնք կհետևեն, թե իրականում ինչ է կատարվում սահմանին»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: Այդ մասին գրել է The Times-ը Մարդու իրավունքների սիրիական դիտարկման կենտրոնի վրա հղումով:

2015-ին Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»: