Յիրիկյան. Ռոբոտաշինության զարգացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումները երկարաժամկետ արդյունք կտան

Յիրիկյան. Ռոբոտաշինության զարգացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումները երկարաժամկետ արդյունք կտան

PanARMENIAN.Net - «Այբ» դպրոցի ռոբոտաշինության թիմը ապրիլի 7-9-ը ԱՄՆ Օհայո նահանգի Մարիոն քաղաքում անցկացված հեղինակավոր «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից վերադարձել է արծաթե մեդալով և Honda Innovation Award հեղինակավոր մրցանակով՝ հերթական անգամ պատվով ներկայացնելով Հայաստանը միջազգային կրթական ասպարեզում:

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը մի քանի ամիս շարունակ զօրուգիշեր պատրաստվում էր ԱՄՆ-ում անցկացվելիք հանրաճանաչ զանգվածային «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթին: Ավելի քան 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ էին ներկայացված ՌԱՄ 2016-ին, որն այս տարի տոնում էր իր 30-ամյակը:

«Այբ»-ի երեխաները մրցույթին ներկայացել էին իրենց սումո ռոբոտով, և մրցույթին ներկայացած թիմերի մեջ մեծ թիվ էին կազմում հենց «Սումո ռոբոտ» անվանակարգում մրցողները: Հազարավոր հանդիսատեսների աչքի առաջ մեր ռոբոտը երկու օր շարունակ մարտի մեջ է եղել այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած ռոբոտների հետ: «Այբ»-ի ռոբոտը հաղթել է այնպիսի թիմերի, որոնք տարիներ շարունակ մասնակցել են այս մրցույթին՝ մրցանակ շահելու հույսով:

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմի ղեկավար Վազգեն Գաբրիելյանի խոսքով՝ մրցույթի մասնակիցներն ու հյուրերը հիացած էին հայկական թիմի սումո ռոբոտով ու դրա վրա կատարված աշխատանքի ծավալով: «Բոլորը հերթով մոտենում էին մեզ ու խնդրում ռոբոտին ձեռք տալ, նկարվել դրա հետ: Շատ ուսուցիչներ ասացին, որ ԱՄՆ-ում չգիտեն այնպիսի դպրոց, որտեղ ռոբոտները պատրաստվեն բացարձակ զրոյից՝ «Այբ»-ի ռոբոտաշինության մակարդակով»,-պատմում է ուսուցիչը:

«Ռոբոտաշինությունն ու ինժեներիան կարևոր բաղադրիչներ են «Այբ»-ի կրթական բովանդակության մեջ: Դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիան և վերջերս գործարկված արտադրական լաբորատորիան՝ ֆաբլաբը, կրթությունը դարձնում են կիրառական՝ հնարավորություն տալով մեր երեխաներին առավելագույնս դրսևորելու իրենց ներուժն ու նոր բացահայտումներ կատարելու: Սա «Այբ» դպրոցի ռոբոտիկայի թիմի առաջին նվաճումը չէր հայտնի միջազգային ռոբոտիկայի մրցույթներում, բայց ամենանշանակալիցն էր: Ռոբոտաշինությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտ է: Այս հեղինակավոր մրցույթում մեր թիմի հաղթանակը ոչ միայն «Այբ»-ի, այլև Հայաստանի համար մեծ նվաճում է»,- նշում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Հերթական անգամ համոզվում ենք, թե որքան շնորհալի, աշխատասեր, հետևողական և անպարտելի են Հայաստանի երիտասարդները: Նրանք չունեն նոր գաղափարների պակաս: Հայաստանի երիտասարդները կարող են ճանապարհ հարթել դեպի միջազգային հարթակներ, և ոչ միայն հաղթահարել առաջադրված ամենախիստ պահանջները, այլև սահմանել նոր չափանիշներ: Նրանց ընդամենը պետք է մեր աջակցությունը: Համոզված եմ, որ Հայաստանում ռոբոտաշինության զարգացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի կատարած սոցիալական ներդրումները կունենան երկարաժամկետ արդյունքներ. մենք ականատես ենք այս երիտասարդների դեռևս առաջին հաղթանակներին: Առջևում սպասվում են բազմաթիվ նոր ձեռքբերումներ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011 թվականից: «Այբ» դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիայի և դպրոցին կից բացված ֆաբլաբի (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արտադրական լաբորատորիայի) գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, առանց որի աջակցության հնարավոր չէր լինի «Այբ»-ի սաների ակտիվ մասնակցությունը բազմաթիվ միջազգային մրցույթների ու մրցաշարերի: 2013-2016 թվականների ընթացքում ընկերությունը ռոբոտիկայի լաբորատորիային ավելի քան 52 միլիոն դրամի, իսկ 2013-2015 թվականների ընթացքում ֆաբլաբի ստեղծման համար 92 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերել:

Ընդհանուր առմամբ, ռոբոտաշինության ոլորտի զարգացմանը ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է 2011թ.: Մինչ օրս՝ այդ ոլորտում իրականացված սոցիալական ներդրումների ծավալը կազմում է շուրջ 218 միլիոն դրամ:

2012 թվականին «ArmRobotics» բաց մրցույթին «Այբ» դպրոցը ներկայացնող երեք թիմերից երկուսը գրավել են 1-ին և 2-րդ տեղերը՝ գծին հետևող ռոբոտներով, իսկ 2014 թվականին նույն մրցույթում «Այբ»-ի ռոբոտիկայի թիմը գրավել է պատվավոր առաջին տեղը: 2013 թվականին «Թրինիտի» քոլեջի (Քոնեկտիկուտ, ԱՄՆ) «Հրշեջ ռոբոտ» միջազգային մրցույթում, աշխարհի 7 երկիր ներկայացնող 130 թիմի մեջ, «Այբ» դպրոցինը լավագույնն է ճանաչվել նրա AybStorm ռոբոտով՝ էլեկտրոնիկայի տեսական լուծումների համար: «Այբ»-ն իր երկու թիմով պատվով է ներկայացել նաև 2014 թ.-ին Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Արձանագրվել են նաև այլ նվաճումներ:

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986 թ.-ին և համարվում է աշխարհում ռոբոտաշինության ամենաերկարակյաց մրցույթը: Այն բաղկացած է 12 անվանակարգերից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոկեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: Մրցույթին կարող են մասնակցել անհատներ կամ թիմեր տարրական, միջին, ավագ դպրոցներից և քոլեջներից: Մրցույթի գլխավոր հովանավորն է «Հոնդա» ընկերությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---