Բաքվում կայանալիք ՄԱԿ ֆորումի հռչակագիրը չի ընդունվի՝ Երևանի դիրքորոշման պատճառով

Բաքվում կայանալիք ՄԱԿ ֆորումի հռչակագիրը չի ընդունվի՝ Երևանի դիրքորոշման պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 7րդ ֆորումի կապակցությամբ, որը կայանալու է Բաքվում: ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ 2016թ. ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված` 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը:

Նշվում է, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները և հայտարարությունները՝ կոպտորեն արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները:

«Ադրբեջանական հարձակումների ամենասկզբից քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը, ներառյալ` երեխաները և ծերերը, դարձան Ադրբեջանի հարձակողական գործողությունների միտումնավոր և նպատակային թիրախներ: Քաղաքացիական բնակչության առաջին զոհերի շարքում էին «Գրադ» հրթիռային կայանքից հարվածի հետևանքով դպրոցի բակում զոհված 12-ամյա տղան, ինչպես նաև վիրավորված երկու այլ դպրոցականներ»,-ասվում է հայտարարության մեջ: Մատնանշվում են նաև դաժան հաշվեհարդարը Թալիշի տարեցների հետ, 3 գերեվարված զինվորի գլխատումը, ԿԽՄԿ կողմից գրանցված ադրբեջանական կողմի փոխանցած զոհերի մարմինների վրա առկա խոշտանգումների և խեղումների անհերքելի հետքերը:

Ադրբեջանի՝ քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի սահմաններն անցնող բարբարոսական այս գործողությունները ուղղակիոեն ոտնահարում են միջազգային հիմնարար փաստաթղթերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և այլն: Այս համատեքստում հարկավոր է հատուկ շեշտել Ադրբեջանի կողմից՝ ինչպես 1949թ. Ժնևյան կոնվենցիաների, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են խոցելի խմբերին, ինչպիսիք են երեխաները, կանայք և տարեց անձիք, այնպես էլ՝ այդ կոնվենցիաների 1977թ., 1989թ. լրացուցիչ արձանագրությունների ոտնահարումը։

Նշվում է նաև, որ Ադրբեջանը ցուցադրում է իր լիակատար արհամարհանքը մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ:

«ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումին նախորդող օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների: Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումից մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս ամենը հակասում է առավել խաղաղ և սոցիալապես ներառուն աշխարհ ստեղծելուն, տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև փոխադարձ հարգանք կառուցելու ֆորումի նպատակներին, որն անցկացվում է այնպիսի մի երկրում, որի իշխանություններն իրականցնում են բարբարոսություն և սպանություններ Ֆորումի վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Սա անարգանք է Դաշինքի հեղինակության նկատմամբ:

Ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր 7-րդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը: Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել:

Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող 7-րդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթուղթն ապրիլի 19-ին ուղարկվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---