Տիգրան Համասյանը՝ ECHO Jazz Awards-ի, նորվեգացիների հետ համատեղ աշխատանքի ու սպասվող սոլո-ալբոմի մասին

Տիգրան Համասյանը՝ ECHO Jazz Awards-ի, նորվեգացիների հետ համատեղ աշխատանքի ու սպասվող սոլո-ալբոմի մասին

PanARMENIAN.Net - Երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը մայիսին մեկնելու է Համբուրգ, որտեղ ամսի 26-ին կայանալու է ECHO Jazz Awards 2016-ի պարգևատրման արարողությունը: Այդ մասին նա ասաց PanARMENIAN.Net ին՝ անդրադառնալով գերմանական մրցանակաբաշխությունում «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) անվանակարգում իր հաղթանակին:

«Mockroot ալբոմը թողարկած Nonesuch լեյբլն էր դիմել մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, որին հարյուրավոր երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներ են մասնակցում: Պարգևատրման ժամանակ նվագելու եմ Lilac ստեղծագործությունս, որն ընդգրկված է ալբոմի մեջ»,- ասաց երաժիշտը:

Նույն լեյբլի հետ Համասյանը պատրաստվում է 2017-ի սկզբին դաշնամուրային սոլո-ալբոմ թողարկել, որի վրա արդեն իսկ աշխատում է: Նրա խոսքով, սպասվող ալբոմի աշխատանքների մոտ 95%-ն իր հեղինակած ստեղծագործություններն են զբաղեցնելու, բացի այդ, Կոմիտասի մի քանի մշակում է ավելանալու: Թե կոնկրետ քանի կատարում կլինի ալբոմում, դեռ պարզ չէ, բայց այս պահի դրությամբ Տիգրան Համասյանն աշխատում է 18-ից 20-ի վրա: Ասում է՝ ընթացքում որոշները կարող են «մաղվել»:

Բացի այդ, մայիսի վերջին նորվեգացի 3 երաժշտի հետ համատեղ ձայնասկավառակ են պատրաստվում թողարկել: Աշխատանքների կեսն իմպրովիզներից է բաղկացած, որոնց հիմքում էլ հիմնականում Կոմիտասի հայտնի աշխատանքներն են: Ալբոմը կթողարկի ECM Records-ը, որի հետ Համասյանն աշխատել էր նաև «Լոյս ի Լուսոյ»-ի շրջանակում: Նորվեգացի երաժիշտներն են շեփորահար Արվե Հենրիքսենը, կիթառահար Էիվին Օրսեթը և կոմպոզիտոր Յան Բանը:

Համասյանի Mockroot-ը թողարկվել է 2015-ին: Գերմանական Deutsche Phono ձայնագրության ակադեմիայի սահմանած ECHO Jazz Awards-ն անցկացնում է 1992-ից սկսած, ամեն տարի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---