Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում Արցախում զինծառայող է զոհվել

Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում Արցախում զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության, հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի: Ապրիլի 21-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնային գծում տիրող իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան (Հադրութ), արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հյուսիսարևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և դիմում առաջնագծում իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը եղել է անփոփոխ: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից և 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---