Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան է տարել հայ նահատակ պատգամավորների լուսանկարները

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան է տարել հայ նահատակ պատգամավորների լուսանկարները

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեջլիսի հայազգի անդամ Կարո Փայլանը խորհրդարան է տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները:

Այդ մասին Կարո Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ սպանությունից 101 տարի հետո նրանք վերադարձան խորհրդարան, հայտնում է «Արևելքը»:

Մեջլիսի կողմից հրապարակված տեսանյութում երևում են հայ պատգամավորի ակցիայի մանրամասները, իսկ վերջում Կարո Փայլանը հայերենով ասում է «Աստված անոնց հոգին լուսավորե»:

Մարտի 6-ին Կարո Փայլանի պահանջով Թուրքիայի խորհրդարանն ընդհատել էր աշխատանքը: Ինչպես գրում է թուրքական Milliyet-ը, Փայլանը հայտարարել էր, որ սովորաբար խորհրդարանում ընդմիջում է հայտարարվում ուրբաթօրյա նամազի համար, ուստի նա պահանջել է ընդմիջում հայտարարել նաև եկեղեցու կիրակնօրյա այցելության համար: Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահն ընդունել է հայազգի պատգամավորի պահանջն ու 40 րոպեով ընդհատել է խորհրդարանի աշխատանքը` հնարավորություն տալով նրան եկեղեցի այցելել: Կարո Փայլանն, իր հերթին օգտվել է ընդմիջումից և եկեղեցի է գնացել, որը գտվում է խորհրդարանի հարևանությամբ:

Թուրքիայում 2015-ի նոյեմբերի 1-ին անցկացված ընտրությունների արդյունքում 65 տարվա ընդմիջումից հետո խորհրդարանում միանգամից երեք հայազգի պատգամավոր է ընտրվել՝ Իշխող ԱԶ կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Կարո Փայլանը, ԺՀԿ-ից՝ Սելինա Դողանը, որը դարձել է առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---