17 փետրվարի 2007 - 14:59 AMT
Հոլանդական կուսակցությունը կոչ է անում դուրս մղել էթնիկ թուրքերին կառավարական կառույցներից
Հոլանդական Ազատության կուսակցությունը (PVV), որը դեմ է ներգաղթին, կոչ է արել արգելել այն քաղաքական գործիչների անդամակցությունը Նիդերլանդների խորհրդարանում եւ կաբինետում (կառավարության հիմնական գործադիր մարմին), որոնք երկքաղաքացիություն ունեն: Ինչպես հաղորդում է Turkish Daily News-ը, նման քաղաքական գործիչների թվին է պատկանում նաեւ խորհրդարանի պատգամավոր Նեբահաթ Ալբայրաքը, որը, հոլանդականից բացի, ունի նաեւ թուրքական քաղաքացիություն:

«Երկքաղաքացիություն ունեցող քաղաքական գործիչները կարող են առաջ մղել սեփական շահերը հոլանդականի փոխարեն: Օրինակ, երբ քննարկվում էր Հայոց ցեղասպանության հարցը, մենք տեսանք երկքաղաքացիություն ունեցող քաղաքական գործիչների, որոնք հանդես էին գալիս թուրքական տեսակետից: Անթույլատրելի է, երբ հոլանդական կաբինետի անդամները ծառայում են օտար պետության շահերին»,-գրում է PVV-ն ներկայացնող պատգամավոր Սիեթցե Ֆրիցման կուսակցության վեբ-կայքում, որտեղ ներկայացված են օրենքում առաջարկվող ուղղումները:

Կաբինետում ընդգրկված են երկու քաղաքական գործիչներ` Նեբահաթ Ալբայրաքը եւ Ահմեդ Աբութալիբը, որոնք Թուրքիայի եւ Մարոկկոի քաղաքացիներ են, միաժամանակ ունենալով Նիդերլանդների քաղաքացու անձնագիր: Ըստ հոլանդական NRC Handelsblad թերթի, Ալբայրաքը խորհրդարանի անդամ է, իսկ Աբութալիբը` Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամ: