New York Times. Դիարբեքիրի հայերը մտահոգված են քաղաքում թուրքական կառավարության գործողություններով

New York Times. Դիարբեքիրի հայերը մտահոգված են քաղաքում թուրքական  կառավարության գործողություններով

PanARMENIAN.Net - Թուրքական կառավարությունն առգրավել է հայկական Սբ Կրակոս եկեղեցին, ինչպես նաև մի շարք այլ եկեղեցիներ, քաղաքացիական և մշակութային օբյեկտներ մարտական գործողությունների հետևանքով տուժած քրդաբնակ Դիարբեքիրում:

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե մտադիր են վերականգնել շինությունները, սակայն քաղաքի բնակիչները մտահոգված են` նրանք մտավախություն ունեն, որ կառավարությունը մտադիր է արտաքսել նրանց քաղաքից, գրում է New York Times-ը:

Մարտի 25-ին Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ, արագացված կարգով պետականացվեցին Դիարբեքիրի Սուր շրջանի 80%-ը: Պետականացված տարածքի մեջ են մտնում հայկական Սբ Կիրակոս եկեղեցին, ասորական ու բողոքական եկեղեցիներ:

Ինչպես հայերը, որոնց համար Սբ Կիրակոսը կարևոր մշակութային արժեք է, այնպես էլ քրդերը առգրավումը քողարկված սպառնալիք են համարում: Ըստ նրանց, կառավարությունը ծրագրում է քանդված թաղամասերը, որտեղ ազգային փոքրամասնություններ են ապրում, փոխարինել ճոխ տներով, որոնք մատչելի կլինեն միայն մեծահարուստներին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր Դիարբեքիրի վերակառուցման մասին դեռ 2011-ին` հայտարարելով, թե «քաղաքը վերածվելու է միջազգային զբոսաշրջության վայրի», գրում է «Նյու Յորք թայմսը»:

Եկեղեցու հիմնադրամները պատրաստվում են դատարան դիմել՝ որոշումը չեղարկելու համար: Իսկ Դպրեվանքի հիմնադրամի փաստաբաններից Օմեր Քանթիքը կարծում է, որ պետականացման որոշումն անօրինական է: Ըստ Քանթիքի՝ նախարարների խորհուրդը որոշումը կայացնելիս պետք է պարզաբաներ, թե որ հատվածը ինչու է պետականացվում, իսկ այժմ հայտարարությունները, թե պետականացման գործընթացը «բարի նպատակներ» ունի, իրավական տեսանկյունից չեն կարող մեղմել իրավիճակի լրջությունը: «Այն, որ եկեղեցին գրանցված է որպես պատմական հուշարձան, իրավիճակը չի փոխում: Կա՛մ Նախարարների խորհուրդը նոր որոշում կընդունի, կա՛մ էլ պետք է բողոքարկման համար դիմել դատարան»,- ասել է փաստաբանը:

Նախարարների խորհրդի որոշումը փոխելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Վերջինս նշել է, որ հարցը քննարկելու համար հանդիպում է պահանջել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Ֆաթմա Գյուլդեմեթ Սարըի հետ:

 Ուշագրավ
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ