Փայլան. Մարդասպաններին պետք է մարդասպան կոչել

Փայլան. Մարդասպաններին պետք է մարդասպան կոչել

PanARMENIAN.Net - Թուրքիայում մարդիկ պատմություն չգիտեն: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: «Նկատի ունեմ՝ մեր պապերի, իրենց պապերի պատմությունը, կամ էլ նախընտրում են քողարկել։ Սիվասում, Կայսերիում, Մալաթիայում, Թեքիրդաղում հայեր կային, պատգամավորներ կային և այսօր այդ մարդիկ չկան», - ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա նշել է, որ Թուրքիայում մարդիկ կարծում են, թե հայերը դավաճաններ էին, և այդ պատճառով նրանց աքսորեցին դեպի սիրիական անապատ, մինչդեռ հայերն իրենց նման այս հողերի հնագույն ժողովուրդն էին, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող արմատներ ունեն։

«Թուրքական խորհրդարանում ես պատմեցի մեր պատգամավորների պատմությունը, ովքեր Մեջլիսում էին և երազում էին ժողովրդավար ճանապարհով լուծել իրենց և օսմանցիների ընդհանուր խնդիրները, սակայն ես փորձեցի ներկայացնել, որ իրականում հայ պատգամավորներին և հայ ժողովրդին դավաճանեցին», - պատմեց պատգամավորը։

Ապրիլի 22-ին Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան էր տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները:

Նա ընդգծել է, որ խորհրդարանում իր ելույթը մեծ արձագանք գտավ՝ և՛ Թուրքիայում, և՛ սփյուռքում, և՛ ամբողջ աշխարհում։ «Բազմաթիվ թուրք պատգամավորներ ինձ հարցրել են, թե ինչպես կարող են ուսումնասիրել և տեղեկություն ստանալ այս հարցի վերաբերյալ։ Հուսով եմ, որ բոլորը կպայքարեն այս սուտ պատմությունը մի կողմ դնելու և ճշմարտությանը՝ իրական պատմությանը հասնելու համար», - ասել է պատգամավորը՝ նշելով, որ ճշմարտությունն ակնհայտ է։

«Սկսած ապրիլի 24-ից հայ ժողովրդին հայ պատգամավորներին դավաճանեցին, նրանց սպանեցին, ոչնչացրեցին, և հանցագործությունը շարունակվում է, քանի որ 100 տարի է` թուրք հասարակությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը չի առերեսվել այս ոչնչացմանը։ Այն ժամանակ հայ ժողովրդի հետ պատահած արհավիրքն այսօր նույն կերպ քրդերի կամ մյուս ընդդիմադիրների հետ է պատահում։ Մենք առաջարկում ենք արդար հիշողությամբ առերեսվել անցյալի հետ և դահիճներին իրենց անունով կոչել, ինչպես նաև ոգեկոչել դավաճանված, սպանված մեր ժողովրդին, պատգամավորներին, մտավորականներին, իսկ մարդասպաններին էլ պետք է մարդասպան կոչել», - ասաց Փայլանը։

Յուրաքանչյուր պատմություն մի ողբերգություն է, հավելել է պատգամավորը՝ նշելով, որ բոլորը պետք է նայեն Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի պատմություններին։ «Այդ պատմություններից ամեն մեկը մի ողբերգություն է, մեր պատգամավորները մինչև վերջ պաշտպանում էին միասին ապրելու իրենց պնդումները, սակայն ի պատասխան՝ նրանք բախվեցին մի գաղափարախոսության, որն անտեսեց նրանց ջանքերը, ապստամբները դաժանաբար ճնշվեցին, և վտանգվեց այս ամենից անտեղյակ Անատոլիայում արմատներ ձգած հայ ժողովրդի ապագան։ Ես ցանկացա սրա մասին պատմել խորհրդարանում, և մեծ արձագանք ստացավ։ Ուզեցա նաև ներկայացնել մեր պատգամավորներին, ցույց տվեցի նրանց լուսանկարները։ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» խորհրդարանական խմբակցության հետ միասին լուսանկարները դրեցինք դահլիճում՝ աթոռներին, կարծես թե այդ պատգամավորներն այնտեղ լինեին», - պատմեց Փայլանը։

Նա ասել է, որ հպարտ է իր այդ քայլի և իր կուսակցության համար։ «Կարևոր էր, որ 100 տարի անց խորհրդարանում կրկին ներկայացվեցին մեր պատգամավորները, և մարդիկ տեսան նրանց պատմությունները, իմացան, թե ինչի համար էին նրանք պայքարում։ Ես շարունակելու եմ այս ուղղությամբ ջանքեր գործադրել», - ասել է Կարո Փայլանը։

Մարտի 6-ին Կարո Փայլանի պահանջով Թուրքիայի խորհրդարանն ընդհատել էր աշխատանքը: Ինչպես գրում է թուրքական Milliyet-ը, Փայլանը հայտարարել էր, որ սովորաբար խորհրդարանում ընդմիջում է հայտարարվում ուրբաթօրյա նամազի համար, ուստի նա պահանջել է ընդմիջում հայտարարել նաև եկեղեցու կիրակնօրյա այցելության համար: Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահն ընդունել է հայազգի պատգամավորի պահանջն ու 40 րոպեով ընդհատել է խորհրդարանի աշխատանքը` հնարավորություն տալով նրան եկեղեցի այցելել: Կարո Փայլանն, իր հերթին օգտվել է ընդմիջումից և եկեղեցի է գնացել, որը գտվում է խորհրդարանի հարևանությամբ:

Թուրքիայում 2015-ի նոյեմբերի 1-ին անցկացված ընտրությունների արդյունքում 65 տարվա ընդմիջումից հետո խորհրդարանում միանգամից երեք հայազգի պատգամավոր է ընտրվել՝ Իշխող ԱԶ կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Կարո Փայլանը, ԺՀԿ-ից՝ Սելինա Դողանը, որը դարձել է առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---