20 փետրվարի 2007 - 13:58 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբը «չափազանց արդյունավետ» է գնահատում վերջին խորհրդակցությունները Փարիզում
«Խորհրդակցությունները Փարիզում չափազանց արդյունավետ են եղել»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը` մեկնաբանելով համանախագահների վերջին հանդիպումը, որ կայացավ փետրվարի 15-16 Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նա նշեց, որ նրանք Փարիզում հանդիպել են նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Ըստ Յու.Մերզլյակովի, այդ հանդիպումը չափազանց օգտակար էր: Դիվանագետն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ չկար Էլդար Մամեդյարովը: Այն հարցին, թե ինչու նա չի հանդիպել Փարիզում միջազգային էներգետիկ խորհրդաժողովին մասնակցող Ադրբեջանի նախագահի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովի հետ, Յու.Մերզլյակովը պատասխանել է, որ, առաջինը, նման խնդրանք չի եղել, երկրորդը` ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի տվյալներով, նա չի եղել Փարիզում կայացած այդ խորհրդաժողովին:

Մեկնաբանելով Ա.Ազիմովի հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանը նահանջում է իր դիրքերից չհամաձայնեցված հարցերի առումով», Յու.Մերզլյակովը նշել է, որ «ադրբեջանական կողմն իրոք որոշակի հարցադրումներ է արել, սակայն հայկական կողմը դեռեւս որոշակի պատասխան չի տվել այդ հարցերի վերաբերյալ»: «Այն հարցերը, որոնցից իբր Հայաստանը նահանջում է, չեն քննարկվել այն խորությամբ, որ հնարավոր լիներ խոսել նահանջի մասին: Ուստի, ինձ թվում է, որ այնքան էլ ճիշտ չէ ասել, թե Հայաստանը նահանջում է: Մենք դեռեւս մանրամասնորեն չենք քննարկել այդ հարցերը, որպեսզի կարողանանք համաձայնվել, թե Հայաստանը նահանջում է»:

Յու.Մերզլյակովը մեկ անգամ եւս նշել է, որ բանակցություններում չհամաձայնեցված հարցերը ոչ միայն տեխնիկական բնույթի են, եւ հավելել է, որ Ա.Ազիմովի հայտարարությունն իսկ ասում է այն մասին, որ, հավանաբար, դրանք ոչ միայն տեխնիկական են: Ռուս դիվանագետը նշել է, որ միջնորդներն, ինչպես նախկինում, աշխատում են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կայանա մարտի սկզբին, հաղորդում է ԱՊԱ-ն: