Բորդյուժա. ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ

Բորդյուժա. ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ

PanARMENIAN.Net - Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ոչ մի խնդրանք չի եղել»,-ասել է Բորդյուժան` պատասխանելով համապատասխան հարցին: Նա հավելել է, որ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը, մեծ հաշվով, գործի չի դրել այն ներուժը, որն ունի», ուստի ոչ մի խնդրանք չի եղել:

Միևնույն ժամանակ Բորդյուժան դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն ըստ միջազգային իրավունքի ՀՀ մաս չի հանդիսանում, նշանակում է, որ ՀԱՊԿ ուժերը կարող են Հայաստանին օգնության հասնել միայն եթե հարձակում կա նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա: «Այո, դուք ճիշտ եք հասկանում»,-ասել է նա:

Բորդյուժան շեշտել է նաև, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման տեսակետից: «Եթե ռազմական գործողությունները կրկնվեն, մենք կտեսնենք ակտիվ և անմիջական զինված դիմակայություն, և դա «կպայթեցնի» ամբողջ Կովկասը: Այդ դեպքում այդ հակամարտության մեջ կներքաշվեն շատ պետություններ, դա կանդրադառնա Կովկասի շատ ժողովրդների վրա: Դա շատ լուրջ է, ես կարծում եմ, որ այսօր կարևորն այնտեղ խաղաղություն ապահովելն է, որովհետև հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես դա չէի ցանկանա»,-ասել է Բորդյուժան:

Ավելի վաղ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն իր քաղաքական ներուժով մասնակցում է Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերին: «Այսօր մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հակամարտությունը չծավալվի, դադարեցվի, որպեսզի կասեցվեն մարտական գործողությունները, գնդակոծությունները»,-ասել էր Բորդյուժան:

Ապրիլի 15-ին Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ քայլերի մասին: Քննարկվել է Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---