27 ապրիլի 2016 - 10:13 AMT
ԼՂՀ ՊՆ-ն խորհուրդը Բաքվին` խաղաղ բնակավայրերը չդարձնել խոցման թիրախ

Ապրիլի 5-ին հակամարտ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած մարտավարությունն ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն մի կողմից իր սադրիչ գործողություններով իրավիճակը տանում է դեպի կանխամտածված սրացման, իսկ մյուս կողմից շտապում առաջնային գծում տեղի ունեցող զարգացումները ներկայացնել որպես հայկական կողմի նախահարձակ գործողությունների հետևանք:

Հատկանշական է, որ հակառակորդն իր այս գործելաոճը կյանքի կոչելու համար դիմում է սեփական զինանոցում եղած ամենաստոր ու հրեշավոր միջոցների կիրառմանը: Ասվածի անհերքելի ապացույցներից է առաջնային գծին մերձակա բնակավայրերում ադրբեջանական հրետանու և զրահատանկային ուժերի համար կրակային հենակետերի ծավալման փաստը, որտեղից հակառակորդը, հիմնականում գիշերային ժամերին, հրետակոծության և արկակոծության է ենթարկում հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը:

Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը:

Ելնելով ստեղծված իրավիճակից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաև զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ: Հակառակ դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև լույս 27-ի գիշերը:

Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: