Արցախում 3 զինվոր է վիրավորվել. Մեկի վիճակը ծանր է

Արցախում 3 զինվոր է վիրավորվել. Մեկի վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 27-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ խախտել է կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, ինչի հետևանքով 3 զինվոր վնասվածքներ է ստացել: Նրանցից մեկը ծանր վիճակում է: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նրա խոսքով, վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում և ծանր է համարվում, որովհետև վնասվել է կոնքոսկրը և լուրջ վիրահատություն անհրաժեշտ կլինի:

Ինչ վերաբերում է մյուս երկու վիրավորին, նրանց վիճակը գնահատվում է որպես բավարար. նրանցից մեկը հարվածային ալիքի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել, իսկ երկրորդը թոքի բեկորային վնասվածք: Երեք վիրավորն էլ որակյալ բուժօգնություն են ստանում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևան: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Տեղափոխվել է մեկ վիրավոր` կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վիրավորումով»,-ասել է նախարարը:

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև լույս 27-ի գիշերը: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---