27 ապրիլի 2016 - 15:56 AMT
Զոհված երևանաբնակ զինվորների ընտանիքի բնակարանային պայմանները կուսումնասիրվեն

Երևանի ավագանու ապրիլի 27-ի նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին է ներկայացրել այն միջոցառումները, որ իրականացրել և իրականացնում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը Արցախի, ինչպես նաև երևանաբնակ զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին աջակցելու ուղղությամբ:

«Անշուշտ, բոլորիս պարտքն է լինել մեր հերոսների ընտանիքների կողքին, սատարել ու աջակցել նրանց, և այդ ուղղությամբ մի շարք քայլեր արդեն իսկ ձեռնարկել ենք: Ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետարանը 100 տոննա պարենային աջակցություն է ցուցաբերել Արցախին, բացի այդ, 12 վարչական շրջաններն էլ իրենց հերթին անհրաժեշտ գույք, սնունդ, նաև շինանյութ են ուղարկել Արցախի իրենց գործընկեր քաղաքներին ու շրջաններին:

Իմ հանձնարարությամբ սոցիալական ապահովության վարչությունն արդեն ուսումնասիրում է երևանաբնակ զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները՝ մեր լիազորությունների շրջանակում և հնարավորությունների սահմաններում դրանց լուծում տալու նպատակով:

Նաև հանձնարարել եմ, որ անշարժ գույքի վարչությունն ուսումնասիրի առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի հնարավորությունների սահմանում ներկայացնի հնարավոր առաջարկներ», – ասել է քաղաքապետը:

Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ համապատասխան հանձնարարական է տրվել հանրակրթության վարչությանը՝ ուսումնասիրել և ներկայացնել այն դպրոցների ցանկը, որտեղ սովորել են զոհված զինծառայողնեևը՝ տեղերում վերջիններիս հիշատակի անկյուններ ձևավորելու նպատակով:

Քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանին և Արամ Սուքիասյանին էլ հանձնարարվել է քննարկել Երևան քաղաքի 2016թ. բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման և ազատված միջոցները մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքներին աջակցության նպատակով օգտագործելու հնարավորությունը:

Ապրիլի 20-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով բնակարաններ հատկացնել ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված երկու զինծառայողի ընտանիքներին: Առաջարկվել էԵրևանի ավագանու մոտակա նիստում ներկայացնել ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին համապատասխան նախագիծ: