20 փետրվարի 2007 - 18:30 AMT
Բանակցություններն ունեն մեկ նպատակ` օրինականացնել այն, ինչ մենք այսօր ունենք Լեռնային Ղարաբաղում
«Լուրջ հաջողությունների մասին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
մենք չենք կարող խոսել»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Փարիզի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի նախագահը ասել է, թե խնդիրը այդ գործընթացում «հաստատուն լուծում» գտնելն է: «Բանակցությունները ունեն մեկ նպատակ` օրինականացնել այն, ինչ մենք այսօր ունենք այդ հողի վրա», - շեշտել է Քոչարյանը: Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք առաջիկա ամռանը Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրում, Ռոբերտ Քոչարյանը ժխտական պատասխանեց: Իր ելույթում Քոչարյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի այսօրվա իրավիճակին` ասելով, թե երկիրը «շատ ծանր» վիճակից դուրս է եկել եւ մտել է «կայուն զարգացման փուլ»: Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մասին` Հայաստանի նախագահն ասաց, որ դա «միայն բարոյական խնդիր չէ, այլեւ Հայաստանի անվտանգության խնդիրն է», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: