Freedom House-ի մամուլի ազատության վարկանիշում ՀՀ-ն «ոչ ազատ» երկրների շարքում է

Freedom House-ի մամուլի ազատության վարկանիշում ՀՀ-ն «ոչ ազատ» երկրների շարքում է

PanARMENIAN.Net - Ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների ոլորտներում հետազոտություններ իրականացնող Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է 2015-ի ընթացքում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը։

Փորձագետները գնահատել են 199 երկրի զանգվածային լրատվական միջոցները 0-ից 100 բալանոց համակարգով՝ երեք դասակարգումով՝ ազատ, մասամբ ազատ և անազատ:

ԶԼՄ-ների ազատության ինդեքսում Հայաստանը 63 միավորով զբաղեցնում է 139-րդ տեղը և շարունակում է մնալ «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում։

2014-ի զեկույցում Հայաստանը զբաղեցրել էր 135-րդ տեղը և ստացել 61 միավոր։

ԶԼՄ-ների ազատության ինդեքսում Ադրբեջանն 89 միավորով զբաղեցնում է 189-րդ տեղը, Ռուսաստանը՝ 83 միավորով 176-րդ տեղը, Թուրքիան՝ 42 միավորով 156-րդ տեղը, Իրանը հավաքել է 90 միավոր և զբաղեցրել 190-րդ տեղը: Այս երկրները նույնպես գտնվում են «ոչ ազատ» մամուլով երկրների շարքում:

Զեկույցում նշվում է, որ 2015-ի ամենազգալի անկումներից մեկը գրանցել է Ադրբեջանը՝ հայտնի լրագրողի դաժան և մինչև հիմա չբացահայտված սպանության, ինչպես նաև հունիսին Եվրոպական խաղերի ընթացքում արտասահմանյան լրագրողների մուտքի վերաբերյալ սահմանափակումների պատճառով։

Եվրասիական տարածաշրջանում լավագույն արդյունքներն է ցույց տվել Վրաստանը, որը դասվել է «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների թվին՝ հավաքելով 49 միավոր և զբաղեցնելով 96-րդ տեղը։

Զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ ԶԼՄ-ներն «ազատ» են գնահատվել 62 պետությունում (31 տոկոս), 71 երկրի (36 տոկոս) մամուլը ճանաչվել է «մասամբ ազատ», իսկ մնացած 66 երկրները (33 տոկոս)՝ «ոչ ազատ»:

Զեկույցում նշվում է, որ ամենաշատը մամուլի ազատության վրա ճնշում է գործադրվել Մերձավոր Արևելքում և Թուրքիայում, որտեղ կառավարությունները և խմբավորումները ճնշում են գործադրել լրագրողների և լրատվամիջոցների վրա։ Freedom House-ը նշում է, որ Սիրիան, որտեղ անցած տարի սպանվել է առնվանզ 14 լրագրող, 2015-ին մնացել է լրագրողների գտնվելու համար ամենավտանգավոր վայրը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---