Պետդեպ. ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է շփման գծում ցանկացած բռնություն

Պետդեպ. ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է շփման գծում ցանկացած բռնություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում է, որ հնարավորինս շուտ վերսկսվի բանակցային գործընթացը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոներն՝ անդրադառնալով հակամարտության գոտում պահպանվող լարված իրավիճակին, հայտնում է Tert.am-ը:

«Մենք տեսանք, թե ինչպես փխրուն հրադադարի ռեժիմ հաստատվեց։ Մենք ի սկզբանե ոգևորված էինք՝ կարծելով, թե դա պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարված իրավիճակը պահպանվում է։ Պետքարտուղարը խոսել է երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։ Մինսկի խմբի մեր համանախագահը (Ջեյմս Ուորլիքը-Խմբ.) այցելել է տարածաշրջան: Մենք կապի մեջ ենք երկու կառավարությունների հետ, հակամարտության բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձն անփոփոխ է՝ մենք խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել բանակցային գործընթացի վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է Թոները։

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---