ԼՂՀ վարչապետի խոսնակ. Ապրիլյան տույժ-տուգանքների վերանայման հարցով բանակցում ենք Արցախի բանկերի հետ

ԼՂՀ վարչապետի խոսնակ.  Ապրիլյան տույժ-տուգանքների վերանայման հարցով բանակցում ենք Արցախի բանկերի հետ

PanARMENIAN.Net - Առաջնագծում գտնվող քաղաքացիների խնդիրները բանկերի հետ կառավարության ուշադրության ներքո են: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նրա խոսքով, քառօրյա պատերազմը զգալի ազդեցություն է գործել նաև Արցախի տնտեսության վրա՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով: Անուղղակի ազդեցություններից մեկը պայմանավորված է մասնակի զորահավաքի արդյունքում առաջնագիծ մեկնած՝ հատկապես մասնավոր հատվածի աշխատողների վարկերի սպասարկման հետ:

«Մասնավորապես, տեղեկություններ կան, որ որոշ բանկեր այս ամսվա ընթացքում քաղաքացիներից պահանջել են բնականոն սպասարկել վարկերը, այնինչ այդ քաղաքացիների մի մասը գտնվում է առաջնագծում և, աշխատանքը թողելու պատճառով, ամսվա ընթացքում գրեթե եկամուտ չի ունեցել:

Այս խնդիրները գիտակցելով՝ կառավարությունն այժմ բանակցություններ է տանում Արցախում ներկայացված բանկերի ղեկավարության հետ, որպեսզի ապրիլի ընթացքում առաջացած տույժ-տուգանքները վերանայվեն, և հատկապես մասնավոր հատվածում աշխատող ու այս օրերին առաջնագծում կանգնած քաղաքացիները խնդիրներ չունենան իրենց վարկերի սպասարկման հետ»,- գրել է Բեգլարյանը:

Նա նշել է, որ մոտակա օրերին ավելի մանրամասն կտեղեկացնեն վերջնական լուծումների մասին:

«Հուսամ՝ բանկերը ևս գիտակցում են դիրքապահների գործի կարևորությունը և համապատասխան կերպով կընդառաջեն նրանց»,- ասել է մամուլի խոսնակը:

Ապրիլի 8-ին Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչներին:

«Կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետևանքով հատկապես Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին: Ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն»,- գրել է Բեգլարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---