30 ապրիլի 2016 - 12:44 AMT
ՊՆ խոսնակի հորդորը. Զինծառայողներին տրվող օգնությունն իրականացնել սոցապի միջոցով

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում հորդորում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղղված բոլոր տեսակի օգնություններն իրականացնել սոցապ նախարարության միջոցով:

«Հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք ձեզ այսուհետ զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղված բոլոր տեսակի օգնությունները փորձել իրականացնել Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության և ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության միջոցով:

Այսօր կա ստեղծված նաև համապատասխան հանձնաժողով: Կա հավասար բաշխելու խնդիր, դուք կարող եք անձամբ տալ ձեր օգնությունները, սակայն որպեսզի բոլորին հասնի, խնդրում ենք այդ հանձնաժողովի հետ համագործակցեք»,-ասվում է գրառման մեջ:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ սոցիալական ապահովության վարչությունն ուսումնասիրում է երևանաբնակ զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները՝ լիազորությունների շրջանակում և հնարավորությունների սահմաններում դրանց լուծում տալու նպատակով: Անշարժ գույքի վարչությունն ուսումնասիրի առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի հնարավորությունների սահմանում ներկայացնի հնարավոր առաջարկներ: