ՀՀԿ խմբակցության ղեկավար. ԼՂ հարցում բանակցային գործընթացին վերջակետ չենք դրել

ՀՀԿ խմբակցության ղեկավար. ԼՂ հարցում բանակցային գործընթացին վերջակետ չենք դրել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով վերջնականապես վերջակետ չի դրվել բանակցային գործընթացին: Այս մասին ասել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ Հայաստանը դեռ ակնկալիքներ ունի՞, որ բանակցությունները կօգնեն լուծել հակամարտությունը, Բաղդասարյանը պատասխանել է.

«Եթե չլիներ ակնկալիք, մեր քայլերի հաջորդականությունն այլ կլիներ: Մենք վերջնականապես վերջակետ չենք դրել բանակցային գործընթացին, թեև կա նման հնարավորություն»:

Բաղդասարյանի խոսքով, ՀՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում ունի հետևյալ դիրքորոշումը` «քաղաքական այս զարգացումների իրավիճակում մենք երբեք չենք ժխտել, որ ապրիլյան դեպքերից հետո կա նման անհրաժեշտություն»: Ըստ նրա՝ անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական կողմն անգամ պայմանական հրադադարն է խախտում, գրում է Tert.am-ը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատել է, որ Հայաստանն իրավունք չունի դիվանագիտական անզգուշություն թույլ տալ, սխալվել:

«Մենք ԼՂ անկախությունը ճանաչելու հարցը մեր օրակարգից չենք հանելու: Սա հեռու ապագայի հարց չէ: Մի փոքր համբերատարություն պետք է ցուցաբերենք: Փոքր անզգուշությունը, սխալը, կարող է միջազգային հանրության հետ ունեցած մեր հարաբերությունների, դիվանագիտական հաջողությունների վրա ազդել»,-նշել է Բաղդասարյանը:

Մայիսի 5-ին Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ միասին, որպեսզի վերականգնենք բանակցային մթնոլորտը: Իսկ ապրիլի 28-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նա ասել է, որ ԼՂ հարցով բանակցային գործընթացի հեռանկարները կապված են առաջին հերթին նրա հետ, որ վերացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ, լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները:

«Ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, կարգի հրավիրի Ադրբեջանին և նրան վերադարձնի կառուցողական դաշտ: Այդ ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել: Իսկ այսօր մեր հանդիպումները և քննարկումները վերաբերում են նրան, թե ինչպես հաղթահարել այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի այս ագրեսիայի արդյունքում», - ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը