Զալբեր. ԵՄ-ն պատրաստ է նպաստել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը

Զալբեր. ԵՄ-ն պատրաստ է նպաստել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակցի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Սեյրան Օհանյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է քառօրյա մարտական գործողությունների դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության անտեսմամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում խախտումների շարունակման վրա: Որպես ԼՂՀ հիմնահարցով զինված դիմակայության շուրջ բանակցությունների արդյունավետության գրավական՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է իրավիճակը սրող և նախահարձակ կողմին միջազգային հանրության կողմից հասցեագրված դատապարտման, պատահարների հետաքննության միջազգային մեխանիզմների և այլ լուծումների շնորհիվ փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Հերբերթ Զալբերն իր հերթին մտահոգություն է հայտնել ապրիլյան մարտերի և դրանց էսկալացիայի հնարավորության կապակցությամբ: Նշելով, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, Հ.Զալբերն ավելացրել է, որ Եվրամիությունն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:

Մայիսի 10-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Զալբերին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը, դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունների շուրջ։ Այս առումով Նալբանդյանը շեշտել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։

Ընթերցեք նաև. Նալբանդյանը ՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին. Բանակցությունները կարող են վերսկսվել 3 պայմանի հիման վրա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---