Հայաստանը շահագրգիռ է հարաբերություններ ունենալ Արեւելյան Եվրոպայի ամենախոշոր երկրի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարար Աննա Ֆոտիգային, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը` նշելով, որ դրանք հետագա զարգացման լավ հնարավորություններ ունեն: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանը շահագրգիռ է լայնածավալ հարաբերություններ ունենալ Արեւելյան Եվրոպայի ամենախոշոր եւ ամենից մեծ տնտեսությունն ունեցող երկրի հետ: Երկկողմ կապերն ավելի գործնական դարձնելու համար նախագահն ընդգծել է որոշակի ինստիտուցիոնալ քայլերի անհրաժեշտությունը, մասնավորապես հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի կազմավորման գործընթացի հնարավորինս արագ ավարտը:



Ռոբերտ Քոչարյանը երկու երկրների համագործակցությունը կարեւորել է նաեւ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության շրջանակում: Երկրի զարգացման հիմնական ռեսուրսը համարելով արդյունավետ բարեփոխումների իրականացումը, նա ասել է. «Մենք ձգտում ենք ամբողջապես ու արդյունավետ օգտագործել Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության ընձեռած հնարավորությունները եւ այդ համատեքստում Լեհաստանը դիտում ենք հիմնական գործընկերներից մեկը:



Իր հերթին Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սա իր առաջին պաշտոնական այցն է տարածաշրջան եւ այն համընկել է Հայաստանի ու Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-րդ տարեդարձին: Նա վստահություն է հայտնել, որ այցի արդյունքում երկու երկրների բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ընդլայնվել եւ խորանալ` ընդգրկելով համագործակցության նորանոր բնագավառներ: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, անդրադարձել են անմիջական հարեւան պետությունների հետ հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ընթացքին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---