ՎԶԵԲ-ը 14,6 մլն եվրո է հատկացրել Գյումրիի փողոցների վերակառուցմանը

ՎԶԵԲ-ը 14,6 մլն եվրո է հատկացրել Գյումրիի փողոցների վերակառուցմանը

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագիրը՝ տրամադրելով 14,6 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ:

Ֆինանսավորումը կտրամադրվի քաղաքի հիմնական փողոցների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման համար, և կհատկացվի երեք տրանշներով:

Վարկային համաձայնագիրը կնքվել է մայիսի 11-ին Լոնդոնում, ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ, Հայաստանի փոխվարչապետ՝ Վաչե Գաբրիելյանի, և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն՝ Ֆրանսիս Մալիժի կողմից:

Փողոցների վերակառուցման ծրագիրը կներառի նոր ասֆալտապատ մայթեր, կատարելագործված դրենաժային ենթակառուցվածք, հետիոտներիի համար բարելավված հարմարություններ և ընդհանուր ճանապարհային անվտանգության բարելավում: Փողոցային լուսավորության արդիականացումը ներառում է նոր` էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսավորություն, վերահսկողության և մոնիտորինգի համակարգ, սյուների փոխարինում և վերանորոգում, ինչպես նաև սնուցման մալուխների փոխարինում: Սա կկրճատի էլեկտրաէներգիայի սպառումը և նվազագույնի կհասցնի շահագործման և տեխսպասարկման ծախսերը, որի արդյունքում կբարձրանա սպասարկման որակը և կբարելավվի բնապահպանական չափանիշներին համապատասխանությունը: Ակնկալվում է, որ լուսադիոդային նոր լուսավորությունը զգալիորեն կկրճատի էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը և կհանգեցնի քաղաքապետարանի համար էլեկտրաէներգիայի տարեկան ծախսերի խնայողությանը:

Ծրագիրը ներդրումային դրամաշնորհների տեսքով 7.3 մլն եվրո ընդհանուր գումարի համաֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամից և այլ միջազգային դոնորներից: Ներդրմանը նախորդող տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը իրականացվել է Ավստրիայի կառավարության կողմից տրամադրված՝ տեխնիկական համագործակցության միջոցներով:

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար՝ Մարկ Դեյվիսն ասել է. «Այս կարևոր ծրագիրը զգալիորեն կբարելավի Գյումրիի բնակիչների անվտանգությունն ու կյանքի որակը: Սա նաև մասնավոր հատվածի ներգրավման միջոցով ենթակառուցվածքների որակի բարձրացման հիանալի օրինակ է»:

1992թ.-ին Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1 մլրդ եվրո 149 ծրագրերում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ինչպես նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---