Ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Գերմանացի մտավորականների, այդ թվում՝ Ֆաթիհ Ակինի կոչը Մերկելին

Ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Գերմանացի մտավորականների, այդ թվում՝ Ֆաթիհ Ակինի կոչը Մերկելին

PanARMENIAN.Net - Գերմանացի մտավորականները, այդ թվում` թուրքական ծագում ունեցող ռեժիսոր Ֆաթիհ Ակինը, բաց նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին` կոչ անելով Մերկելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը հունիսի 2-ին ընդունվելիք բանաձևով, հայտնում է Tert.am-ը:

Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, բաց նամակը հրապարակվել է Die Zeit գերմանական պարբերականում: Նամակում գերմանացի մտավորականները կոչ են անում «հստակ դիրքորոշում ցույց տալ հունիսի 2-ին և հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը կոչել իր անունով` ցեղասպանություն»:

«Պատկերացրեք, որ դուք ապրում եք Գերմանիայում, որտեղ Հոլոքոստը ժխտվում է, մի՞թե դա չէր դիտվի որպես հանցագործության շարունակություն»,- գրում են մտավորականները:

«Կոչ ենք անում հետևել հիմնարար եվրոպական արժեքներին և հստակություն մտցնել Ձեր բառերում: Հայոց ցեղասպանության հերքումը ներկա պահին ծառայում է որպես նոր բռնությունների հիմք: Հայերին ահաբեկիչ էին անվանում 1915-ին, նրանց ունեցվածքն առգրավեցին, իսկ այժմ` 2015-ին, ավելի քան 5000 քուրդ բնակիչ սպանվել է Թուրքիայում, ովքեր ևս ահաբեկիչ էին անվանվում: Այս ամենը տեղի է ունենում, քանի որ Թուրքիան շարունակաբար մերժում է առերեսվել իր պատմությանը և անցյալին, ինչպես նաև այսօրվա գործողությունները որևէ պատասխանի չեն արժանանում միջազգային հանրության կողմից»,- ասվում է մտավորականների նամակում` ընդգծելով, որ ավելի քան 100 տարի Բունդեսթագը և դրա նախորդ կառույցները լուռ են մնացել Հայոց ցեղասպանության հարցում:

Հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարցը:

Ավելի վաղ Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթը խոսել է հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է բունդեսթագին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ», Ռոթը ասել է.

«Այս մոտեցումը անհավատալի է. ոմն դեսպան բացահայտորեն կարողանում է զգուշացում անել Գերմանիայի խորհրդարանին: Մենք դա չենք ընդունում: Ոչ մի հյուպատոսարան, ոչ մի պետություն չի կարող սպառնալ մեր խորհրդարանին: Դա մեր իրավունքն է՝ որոշել, թե ինչը քննարկենք, ինչի վերաբերյալ որոշումներ կայացնենք: 2015-ին Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն տվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---