28 փետրվարի 2007 - 14:23 AMT
Հայաստանն ու Լեհաստանը միակարծիք են հարաբերությունների խորացման անհրաժեշտության հարցում
Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 15 տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են կատարվել, որոնք փոխել են մեր երկրների քաղաքական կյանքը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: Նրա խոսքերով, 1989 թվականից հետո Լեհաստանը կենտրոնացրեց ուշադրությունը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վրա: «Դա բարդ շրջան էր, սակայն մենք այն բարեհաջող անցանք: Լեհաստանի դիրքորոշումն Եվրամիությունում հետեւյալն է` առաջինը, դա սեփական էներգետիկ քաղաքականությունն է եւ էներգետիկ անվտանգությունը: Երկրորդը, դա առավել սերտ համագործակցությունն է եվրակառույցների հետ Լեհաստանի քաղաքական համակարգի բարեփոխման ուղղությամբ»,-նշել է Լեհաստանի ԱԳ նախարարը:

Նա նկատել է, որ Հայաստանն եւս իր պետությունն է ստեղծում եւ այստեղ եւս այժմ բարդ շրջան է: «Մեր երկրները կարողացան ռացիոնալ հիմք եւ իրավապայմանագրային հիմք կառուցել հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման համար: Երկու երկրները միասնական են այն հարցում, որ հարկավոր է խորացնել հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Ներկայումս նկատելի է ոչ մեծ, բայց մշտական աճ առեւտրի ոլորտում: Ես կնշեի նաեւ, որ մեզ միավորում է նաեւ նոր սփյուռքը ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում: Ես ի նկատի ունեմ ոչ միայն հայկական սփյուռքը, որի դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում շատ մեծ է, այլ նաեւ լեհական սփյուռքը: ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում մեր սփյուռքերը բավականին հաջողությամբ են համագործակցում: Լեհական պետությունը բարեհամբույր է եւ հյուրընկալ, մեր օրենսդրությունն առավել մեղմ է, քան ԵՄ մյուս երկրներում: Սակայն դեռեւս պետության հնարավորությունները սահմանափակ են եւ մենք չենք կարող լիարժեք պայմաններ ստեղծել նորմալ կյանք ապահովելու համար: Լեհաստանում դեռեւս բարձր է գործազրկության մակարդակը: Մենք նաեւ կարեւորում ենք մշակութային կապերի զարգացումը Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ, չէ որ հենց մշակութային կապերի միջոցով է առավել դյուրին փոխըմբռնման հասնել ժողովրդների միջեւ»,-ասել է Աննա Ֆոտիգան:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ