28 փետրվարի 2007 - 14:35 AMT
Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին
Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: Նրա խոսքերով, Լեհաստանն արդեն անցել է դեպի Եվրամիություն ճանապարհը , մենք փորձ ունենք, որով պատրաստ ենք կիսվել Հայաստանի հետ: «Երեւանում հուշագիր է ստորագրվել համագործակցության մասին եւ արդեն կարելի է խոսել կոնկրետ քայլերի մասին: Շփումները պետք է լինեն ոչ միայն բարձր մակարդակով, այլ նաեւ փորձագետների մակարդակով, պետք է հասարակական, մշակութային եւ տնտեսական շփումներ լինեն երկու երկրների միջեւ: Գործողությունների ծրագիրը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում կարեւոր հիմք է բազմակողմ հարաբերությունների համար: Դուք եւս պետք է անցնեք շատ բարդ գործընթացի միջով, որով անցել է Լեհաստանը: Մեզնից դա 12 տարի խլեց եւ մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները Արեւելքում մեր օգնությամբ այդ ուղին ավելի արագ անցնեն: Ես հասկանում եմ, որ ադապտացիան ընդհանուր շուկային շատ դժվար է անցնելու, բայց դա անհրաժեշտ է երկրի հետագա զարգացման համար»,-նշել է Ա.Ֆոտիգան:

Ինչ վերաբերում է մասնակցությանը ՆԱՏՕ-ի ծրագրերին, ապա նա համարում է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերն ուղղված են տվյալ երկրի զինված ուժերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն: «Լեհական զինված ուժերը դեռեւս արդիականացման գործընթացում են գտնվում, դրան եւս մի քանի տարի կպահանջվի: Մենք նաեւ մեծապես կարեւորում ենք խաղաղապահների համատեղ առաքելությունն Իրաքում, քանի որ դա քաղաքական քայլ ենք համարոմ: Լեհ զինծառայողներն Իրաքում գործում են իրական մարտական պայմաններոմ, ինչը նպաստում է ռազմական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը»,-ընդգծել է նա:

Նշենք, որ հայ զինծառայողներն Իրաքում իրենց խաղաղապահ առաքելությունը կատարում են լեհական համակազմի շարքերում:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ