Ամերիաբանկի նոր ձեռքբերումները. Fitch-ի B+ կայուն հեռանկարով վարկանիշից մինչև $20 մլն-ի ֆինանսավորման ներգրավում

Ամերիաբանկի նոր ձեռքբերումները.  Fitch-ի B+ կայուն հեռանկարով վարկանիշից մինչև  $20 մլն-ի ֆինանսավորման ներգրավում

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ և DEG-ը (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) մայիսի 12-ին Լոնդոնում ստորագրել են $20 մլն-ի վարկային պայմանագիր` 6 տարի մարման ժամկետով: Վարկն ուղղվելու է ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Պայմանագիրը ստորագրել են Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, DEG Եվրոպայի և Ասիայի ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն Ռենա Թերֆրակտը և Եվրոպայի և Ասիայի ֆինանսական կազմակերպությունների գծով ավագ ներդրումային կառավարիչ Ջուլիան Լոքը:

DEG-ը KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամ է: Ֆինանսավորում է զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները: Որպես Եվրոպայի զարգացման ֆինանսավորման խոշորագույն կազմակերպություններից մեկը` DEG-ը, խրախուսում է մասնավոր բիզնեսի կառույցների ներդրումները կայուն տնտեսական աճի և կենսամակարդակի բարձրացման մեջ:

«Ինչպես տեսնում եք, Հայաստանը դեռ գրավիչ է օտարերկրյա գործընկերների և ներդրողների համար: Այս գործակցության հիմնական նպատակը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումն է, ինչը մնում է մեր կարևորագույն, ստրատեգիկ ուղղություններից մեկը: Աշխատում ենք ներդրումների ծավալները մեծացնելու ուղղությամբ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:

Ամերիաբանկ-DEG գործակցությունը սկսել է դեռևս 2009-ից, երբ այս կազմակերպության և Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) հետ կնքվեց վարկային գծի պայմանագիր: Հետագայում gwրծակցությունը վերածվեց ռազմավարական գործընկերության, երբ 2012թ. նոյեմբերին ստորագրվեց 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Այս համագործակցությունը համահունչ է Բանկի ռազմավարությանը, համաձայն որի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը Բանկի վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է:

Թառումյանը, թվարկելով վերջին շրջանում Ամերիաբանկի ձեռքբերումներն ու հաջողությունները, խոսել է նաև «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակի մասին, որը շնորհվել է բանկին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից՝ 2015-ին Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքի էներգաարդյունավետության բարելավման համար:

Ամերիաբանկը «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ-ի համար թողարկել է երկու ակրեդիտիվ, որոնք հաստատել և ֆինանսավորել է Կոմերցբանկը` ՎԶԵԲ-ի երաշխավորությամբ:

Թառումյանը տեղեկացրեց, որ Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակցել է գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Նախագծի ամբողջ արժեքը կազմել է $2,3 մլն, որից $1,91 մլն-ի ֆինանսավորումն իրականացվել է Ամերիաբանկի կողմից թողարկված ակրեդիտիվների միջոցով:

Ֆինանսական գծով տնօրենը նկատեց, որ ստացված ֆինանսավորման շնորհիվ «Ալտերնատիվ էներգիա» ընկերությունը Չեխիայից ձեռք է բերել էներգախնայող բարձրակարգ սարքավորումներ, որոնք հնարավորություն են ընձեռում մեկ տարվա ընթացքում տնտեսելու $390.000-ի էներգիա սովորական սարքավորումներով աշխատող ջերմոցային ընկերությունների համեմատությամբ, ինչպես նաև կրճատելու բնական գազի օգտագործումը 1.950.000 մ³-ի չափով:

Նրա խոսքով, արդիական բարձրակարգ սարքավորումների օգտագործման շնորհիվ ընկերությունը հնարավորություն է ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին, թե արդյոք ջերմոցային տնտեսությունների համար վարկերն արտոնյալ պայմաններով են տրամադրվում, Թառումյանը շեշտեց, որ ջերմոցային տնտեսությունների վարկավորումը 2 փուլով է ընթանում:

«Առաջին փուլում մենք ակրեդետիվ ենք տալիս, որը շատ ավելի շահավետ պայմաններով է, քան վարկը: Երկրորդ փուլում արդեն վարկն է, որի պայմանները կախված են վարկունակությունից, ժամկետներից և այլն, սակայն փորձում ենք համեմատաբար մատչելի պայմաններ տրամադրել: Եթե համեմատենք, ապա մեր տրամադրած վարկերը շատ մրցունակ են ժամկետների, տոկոսադրույքի առումով», - պարզաբանեց ֆինանսական տնօրենը:

Նա նաև ընդգծեց, որ ջերմոցային տնտեսությունները նույնպես ստրատեգիկ ուղղություն են, բանկի ներգրավմամբ ծրագրերը հնարավորություն են տալիս գյուղատնտեսությունը դարձնել անկախ եղանակային պայմաններից:

«Այդ թվում, ֆինանսավորել ենք խոշոր տնտեսություններին, որպեսզի կարողանան արտահանել Հայաստանից դուրս», - նկատեց Թառումյանը:

Ամերիաբանկը կարևորելով ջերմոցային տնտեսությունների դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար` ակտիվորեն հանդես է գալիս ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորմամբ, մասնավորապես` էներգաարդյունավետություն և բարձր արտադրողականություն ապահովող սարքավորումների ներկրման համար: Հայաստանում ջերմոցային տնտեսությունների նախագծերի ավելի քան 70%-ի ֆինանսավորումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից:

Էներգախնայող և նորագույն տեխնոլոգիական սարքավորումների օգտագործման շնորհիվ ջերմոցային տնտեսությունները հնարավորություն են ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ, ողջ տարին ապահովել անխափան արտադրություն և նշանակալից ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման մեջ:

Ամերիաբանկի մյուս հաջողություններից մեկն այն է, որ Fitch վարկանշային կազմակերպության կողմից Ամերիաբանկին տրվել է «B պլյուս» վարկանիշ կայուն հեռանկարով: Այսպիսով, միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշը` սահմանելով կայուն հեռանկար մեկ տարի առաջ շնորհած բացասական հեռանկարի (Long-term Issuer Default Rating (IDR)) փոխարեն:

Նման վարկանիշի վերահաստատումը խոսում է Բանկի ընդունելի ֆինանսական ցուցանիշների, իրացվելիության զգալի պաշարի, վերաֆինանսավորման կառավարելի ռիսկերի և բարձր հեղինակության մասին: Fitch-ը կարևորել է այն հանգամանքը, որ չնայաց ՀՀ բանկային համակարգում առկա բարձր մրցակցությանը, Ամերիաբանկը գրավել է հաստատուն դիրքեր շուկայում` պահպանելով առաջատարի դիրքը վարկավորման ոլորտում (մասնաբաժինը շուկայում` 14,8%), առևտրի ֆինանսավորման, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով (մասնաբաժինը շուկայում`15%):

Թառումյանը նշեց, որ վարկանիշի հեռանկարը վերանայելով՝ Fitch-ն ակնկալում է, որ Ամերիաբանկը կպահպանի իր կայուն դիրքը` դիմակայելով արտաքին բարդ միջավայրի ճնշումներին: Նրա խոսքով, դա հնարավորություն կտա բանկին ամրապնդել կայուն դիրքերը:

Բացի այդ, բանկն ունի նաև եկամտաբերության բավարար մակարդակ և կապիտալի զգալի պաշար` 2015-ի դեկտեմբերին ՎԶԵԲ-ից ներգրաված $30 մլն միջոցների հաշվին:

Fitch-ի կողմից Կայուն հեռանկարով «B պլյուս» վարկանիշի ստացումը կնպաստի միջազգային ասպարեզում Ամերիաբանկի ճանաչելիության և Բանկի հանդեպ ունեցած վստահության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---