Լեհաստանի ԱԳ նախարար. ՆԱՏՕ-ի հավելյալ ներկայությունը ճիշտ պատասխան է ՌԴ-ից բխող մարտահրավերներին

Լեհաստանի ԱԳ նախարար. ՆԱՏՕ-ի հավելյալ ներկայությունը ճիշտ պատասխան է ՌԴ-ից բխող մարտահրավերներին

PanARMENIAN.Net - Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին կարծում է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում պետք է զգալի լինի և պատրաստ պաշտպանելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքը: Այդ մասին նախարարն ասել է էստոնական Eesti Paevaleht թերթին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Վաշչիկովսկու, ՆԱՏՕ-ի ներկայությունը պետք է նոր որակ ստանա: Նա ներկայացրել է Վարշավայի ակնկալիքները հուլիսի սկզբին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից: «Լեհաստանը վստահ է, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հավելյալ ներկայությունը ճիշտ պատասխան է ՌԴ-ից բխող մարտահրավերներին»,-ասել է նախարարը: Նա վստահություն է հայտնել, որ այդ հարցն իր լուծումը կստանա գագաթնաժողովի ընթացքում:

Լեհ նախարարը կարծում է, որ եվրոպական անվտանգության համար լուրջ սպառնալիք կա ՌԴ կողմից: Նա հույս է հայտնել, որ Եվրոպայում անվտանգության ոլորտում կայունության ապահովման հարցերի պատասխանները կտրվեն գագաթնաժողովում:

Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը, որի համար Վրաստան է տեղափոխվել ամերիկյան ռազմատեխնիկա: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն: «ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից վրացական տարածքի այսպիսի հետևողական «յուրացումը» դիտարկում ենք որպես սադրիչ քայլ, որը միտված է ռազմաքաղաքական իրավիճակի գիտակցված ապակայունացմանը Անդրկովկասում: Քիչ չեն նպաստում դրան նաև Վաշինգտոնի և նրա դաշնակիցների բացահայտ աջակցությունը Թբիլիսիի ռևանշիստական նկրտումներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---