28 փետրվարի 2007 - 18:07 AMT
Ռամիլ Սաֆարովը Ադրբեջան վերադառնալու շանս չունի
Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովը Ադրբեջան վերադառնալու շանս չունի: Այդ մասին չորեքշաբթի Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարրաել է փաստաբան Նազելի Վարդանյանը, ով ներկայացնում է Հունգարայում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը: «Այսօրվա դրությամբ Սաֆարովի էքստրադիացիայի մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է Ն. Վարդանյանը: Նրա խոսքերով, պատահական չէ, որ Սաֆարովի փաստաբանները փորձում էին մեղմացնել դատարանի որոշումը, մասնավորապես, ճանաչել նրա մեղքը հանցագործության կատարման մեջ, սակայն այն չհամարել կանխամտածված եւ դաժան:

Նա նշել է, որ այդպիսով նրանք ցանկացել են վերացնել ծանրացուցիչ հանգամանքը եւ մեղմացնել պատիժը, ինչի դեպքում նրան ադրբեջանական կողմին հանձնելու շանս կհայտնվեր: «Հունգարիայի պատմության մեջ չի եղել այլ պետությանը ցմահ բանտարկության դատապարտված անձանց հանձնման նախադեպ: Այդ պատճառով մենք հուսով ենք, որ նա իր պատիժը կկրի Հունգարիայում` խիստ ռեժիմի գաղութում եւ նրա դեպքում չի փոխվի խափանման միջոցը»,- ասել է Ն. Վարդանյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:

2004 փետրվարի 19-ին ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որ գործուղվել էր Բուդապեշտ անգլերեն լեզվի դասընթացների` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնի մեջ վայրենաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակից Ռամիլ Սաֆարովի կողմից: Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ բանատարկության` առաջին 30 տարիների ընթացքում` առանց համաներման իրավունքի: Փետրվարի 22-ին Հունգարիայի Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանության բողոքարկումը եւ դատավճիռը ուժի մեջ է թողել: