16 մայիսի 2016 - 10:55 AMT
Վրաստանն իր տարածքն է առաջարկել Ադրբեջանի և Թուրքիայի հետ զորավարժությունների համար

Վրացական կողմը ադրբեջանական Գաբալայում տեղի ունեցած Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել է ադրբեջանցի և թուրք գործընկերներին համագործակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ծրագրերին ու նախագծերին: Այդ մասին մայիսի 15-ին հայտնել է «Ինտերֆաքսը» Վրաստանի ՊՆ ղեկավար Թինաթին Խիդաշելիի վրա հղումով:

«Խոսքը եռակողմ ձևաչափով զորավարժությունների մասին էր: Վրաստանը ցանկություն է հայտնել 2017-ին իր տարածքում մի քանի այդպիսի զորավարժություն հյուրընկալել: Հատկապես այն պայմաններում, որ մենք ունենք ՆԱՏՕ-ի եհտ համագործակցության շնորհիվ»,-ասել է Խիդաշելին:

Նախարարները պայմանավորվել են հերթական եռակողմ հանդիպումն անցկացնել Բաթումում:

Խիդաշելին նաև երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Իսմեթ Յիլմազի հետ: «Թուրքիան այն երկիրն է, որն անկասկած և անվերապահորեն սատարում է Վրաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ին»,-ասել է նա:

Խիդաշելին հավելել է, որ որոշվել է, որ Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները կաշխատեն համտեղ զորավարժությունների և ուսումնական ծրագրերի վրա, հայտնում է «Վեդոմոստին»:

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը ԶՈւ ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Երկրները ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր ունեն: «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Թուրքիայի,Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում ծավալված համագործակցությունը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ», - 2014-ին Նախիջևանում կայացած հանդիպմանը հայտարարել էր Վրաստանի ՊՆ ղեկավար Իրակլի Ալասանիան, որն իր պաշտոնը լքեց օգոստոսյան եռակողմ գագաթնաժողովից երկու ամիս անց:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի Գաբալա քաղաքից ոչ հեռու տեղակայված ռադիոտեղորոշման կայանի շահագործումը Ռուսաստանի կողմից շարունակվեց ընդհուպ մինչև 2012-ի դեկտեմբերը, երբ լրացավ դրա վարձակալության ժամկետը։ Գաբալայի ՌՏԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և վարձակալության պայմանների շուրջ ծավալված ռուս-ադրբեջանական բանակցություններն արդյունք չտվեցին, ինչն էլ ստիպեց ռուսաստանյան կողմին դադարեցնել դրա շահագործումը։ Որպես պատճառ նշվում էր, որ Ադրբեջանը չափազանց բարձր գին է պահանջում սահմանել վարձակալության նոր պայմանագրում։