Հայտարարություն. Նախագահները համաձայն են արագորեն ավարտել հետաքննական մեխանիզմների ներդրումը

Հայտարարություն. Նախագահները համաձայն են արագորեն ավարտել հետաքննական մեխանիզմների ներդրումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ջոն Քերին և Արլեմ Դեզիրը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՄԽ համանախագահների ու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հանդիպման հետ: ըստ դրա, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հանդիպել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։

Նրանք վերահաստատել են, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում: Համանախագահող երկրների ներկայացուցիչները հաստատել են 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը:

«Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում, մեջբերում է Tert.am-ը:

Ըստ հայտարարության նաև, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ: Բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի հունիսին, փոխադարձ համաձայնեցված վայրում՝ համընդգրկուն կարգավորման հասնելու շուրջ բանակցությունների վերսկսման նպատակով:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը:

Հանդիպմանը մասնակցել են երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Կարդացեք նաև՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը․ Մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կներդրվեն

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---