Ֆրանսիան ողջունում է Վիեննայի հանդիպման արդյունքներն ու հորդորում կողմերին կատարել պարտավորությունները

Ֆրանսիան ողջունում է Վիեննայի հանդիպման արդյունքներն ու հորդորում կողմերին կատարել պարտավորությունները

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխանությունները ողջունում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վիեննայում կայացած միջազգային հանդիպման արդյունքները: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը, հայտնում է Sputnik-Արմենիան:

«Ֆրանսիան ողջունում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հանդիպման արդյունքները, որը թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ապրիլի 2-5-ը տեղի ունեցած արյունալի բախումներից հետո»,-ասել է Նադալը:

Նա նաև նշել է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները հանդիպման ժամանակ պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը և հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման սկզբունքին, ինչպես նաև համաձայնվել են մի շարք միջոցներ ձեռնարկել` ուղղված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը:

«Այդ պարտավորությունները շատ կարևոր են: Ֆրանսիան հորդորում է կողմերին պահպանել դրանք և կշարունակի միջնորդությունը որպես ՄԽ համանախագահ ռուս և ամերիկացի գործընկերների հետ միասին»,-ասել է Նադալը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը:Հանդիպմանը մասնակցել են երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ըստ հայտարարության նաև, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ: Բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի հունիսին, փոխադարձ համաձայնեցված վայրում՝ համընդգրկուն կարգավորման հասնելու շուրջ բանակցությունների վերսկսման նպատակով:

Ընթերցեք նաև. Հայտարարություն. Նախագահները համաձայն են արագորեն ավարտել հետաքննական մեխանիզմների ներդրումը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---