Սումգայիթ. հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության շարունակություն

PanARMENIAN.Net - «Սումգայիթի ողբերգությունը դարձավ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության շարունակությունը»: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը Սումգայիթի ջարդի 19-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պարտադրվել է հայ ժողովրդին այն ժամանակ, երբ ժողովուրդը թուլացած էր եւ ապաքինվում էր վերքերից: Ընդ որում, վարչապետը նշել է, որ ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումն առաջին պատասխանն էր ցեղասպանությունից ի վեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած անարդարությանը:



Գաղթականների այսօրվա խնդիրների մասին լրագրողների հարցերին պատասխանելիս, ղարաբաղյան կառավարության ղեկավարը հայտարարել է, որ քաղաքացիների տվյալ խումբը գտնվում է հանրապետության գործադիր մարմնի ուշադրության կենտրոնում, եւ կառավարության որոշման համաձայն, արդեն երկրորդ տարին է Սումգայիթի եւ ընդհանուր Ադրբեջանի գաղթականներին փոխհատուցումներ է տրամադրվում եւ բնակատեղի, իսկ այս տարի կիրականացվի առաջին խոշոր ծրագիրը: «Ներկայումս կառուցվել են արդեն 15 շենք, որոնք առաջիկա շրջանում պետք է շահագործման հանձնվեն: Նման ծրագրեր են իրականացվում նաեւ ԼՂՀ շրջաններում»,- նշել է Անուշավան Դանիելյանը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում սկսվել են հայկական ջարդեր: Երեք օրվա ընթացքում քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, զոհերի ստույգ թիվը մինչեւ հիմա հայտնի չէ: Պաշտոնական աղբյուրները հայտնում են 32 սպանվածների մասին: Սումգայիթի իրադարձությունները պատասխան դարձան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի 1988 թվականի փետրվարի 20-ի որոշմանը` «Դիմել Ադրբեջանի ԽՍՀ եւ Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդներին ԱԽՍՀ-ից ՀԽՍՀ-ին ԼՂԻՄ-ի հանձման համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---