Վարչապետ. Կոռուպցիայի դեմ պայքարն անհնար է առանց քաղհասարակության և պատգամավորների

Վարչապետ. Կոռուպցիայի դեմ պայքարն անհնար է առանց քաղհասարակության և պատգամավորների

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը չի ստացվի առանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պատգամավորների ներգրավման: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին:

«Կոռուպցիան բոլոր ժամանակներում եղել է տարբեր աստիճանի: Հիմա մենք ասում ենք՝ եկեք միասին քննարկենք, որոշումներ կայացնենք: Ես բաց ասում եմ ձեզ բոլորին՝ եկեք միասին գործ անենք: Հիմա դուք բոլորդ պատճառներ եք փորձում փնտրել: Դուք բոլորս գիտեք, որ դա կախարդական փայտիկով չի էլի, որ խփենք ու անենք», - ասել է վարչապետը, մեջբերում է Panorama.am-ը:

Պատգամավորին հետաքրքրում էր, թե ի՞նչն է պակասում կառավարությանը կոռուպցիայի դեմ ռեալ պայքարելու համար:

«Ես պատկերացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կամք, լծակ, լավ օրենք և ինֆոմացիա, թե ինչ է կատարվում քո երկրում: Լրացուցիչ ի՞նչ եք ուզում իմանալ, որ չի ստացվում: Եթե Հայաստանում տասը հարուստ մարդ կա, որը հարստացել է իշխանություն ունենալու, պաշտոն վարելու ժամանակ, առնվազն հինգը այստեղ նստած է», -հարցը հնչեցնելիս հայտարարել է պատգամավորը:

Աբրահամյանը վստահեցրել է, որ իր հայտարարությամբ քայլեր է ներկայացրել ու շարժվելու են դրանց իրագործման ուղղությամբ:

«Կրճատումներից սկսած, ներկայացուցչական ծախսերից սկսած տնտեսելու ենք ու պարոն Մանուկյան, ձեզ վստահեցնում եմ, որ գնալու ենք կամաց-կամաց առաջ՝ առանց մարդկանց նեղացնելու, առանց ոչ ճիշտ որոշումներ կայացնելու», -հավելել է Աբրահամյանը:

Մանուկյանն իր արձագանքման ժամանակ հստակեցրել է, որ օրինակ, գազի, հոսանքի հետ կապված կոնկրետ դիմումներ են ներկայացվել դատախազություն, բայց արձագանք չկա:

Ի պատասխան, վարչապետն ասել է, որ ինքը հավատում է գլխավոր դատախազությանը և հնարավոր չէ, որ առանց հիմքեր քրեական գործեր կարճվեն:

Մայիսի 12-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պայքար է սկսում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ` գերատեսչությունների ղեկավարներին երեք շաբաթ ժամանակ տալով իրավիճակը վերլուծելու և ներկայացնելու:

Կարդացեք նաև՝ Նախարար. Մենաշնորհատերերի անունները կհրապարակվեն փաստարկված

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---