2 մարտի 2007 - 17:23 AMT
ՀՀ-ում ընտրությունների պատշաճ անցկացումը համապատասխան ուղերձ կլինի ԵՄ-ին` համագործակցության խորացման առումով
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունները` անդրադառնալով Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում ստորագրված գործողությունների ծրագրի իրականացմանը: ՀՀ փոխարտգործնախարարը տեղեկացրեց, որ գործողությունների ծրագրի իրականացվելիք միջոցառումների ցանկը գտնվում է մշակման փուլում եւ մոտ ժամանակներս կներկայացվի եւրոպական կողմին: Զրուցակիցները նաեւ անդրադարձան Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին, կարեւորելով դրա միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Փիթեր Սեմնեբին ընդգծեց, որ ընտրությունների պատշաճ անցկացումով Հայաստանը համապատասխան ուղերձ կհղի ԵՄ-ին` երկկողմ հարաբերությունների խորացման առումով: Կողմերը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերջին զարգացումների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էր ԵՄ նախագահող Գերմանիայի դեսպան Հայկե Փայչը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: