20 մայիսի 2016 - 10:46 AMT
2017-ի հունվարին Վրաստանը ՀՕՊ համակարգեր կստանա Ֆրանսիայից

Վրաստանը 2017-ի հունվարին կսկսի ՀՕՊ համակարգերի տեխնիկական միջոցներ ստանալ Ֆրանսիայից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, հայտնում է Apsny.ge-ն վրացական «Վզգլյադ» թերթի վրա հղումով:

«Անվտանգության ֆրանսիական հովանոցը Վրաստանի համար իրողություն է»,-ասել է Խիդաշելին: Նա նշել է, որ 2015-ին Ֆրանսիայում ստորագրված պայմանագրերն իրենց պայմաններն ու ժամկետներն ունեն, որոնք նախանշում են առաքումների ժամկետները:

«Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Խիդաշելին պայմանագիր է կնքել Փարիզում ֆրանսիական MBDA ընկերության հետ, որը հրթիռային համակարգերի առաջատար մշակողն ու արտադրողն է:

«Գլխավոր նպատակին հասել ենք, հիմք ենք ստացել Վրաստանի հակաօդային պաշտպանության ապահովման համար: Այդ համակարգը լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Մենք մի համակարգ ենք ձեռք բերել, որն ամենաարդիականն է աշխարհում»,-ասել է նա:

«Վրաստանը հզորացնում է ՀՕՊ համակարգը ՌԴ հետ 2008թ. պատերազմից հետո, երբ ի հայտ եկավ այդ երկրի խոցելի վիճակը պաշտպանության ոլորտում:

Ֆրանսիացի մասնագետները կօգնեն վրաց գործընկերներին յուրացնել այդ համակարգերը: