Շվեյցարիայում թուրք ազգայնամոլը դատարանի առջեւ կկանգնի Հայոց ցեղասպանության ժխտման համար

PanARMENIAN.Net - Թուրք ազգայնական, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Պերինչեկը կկանգնի շվեյցարական դատարանի առջեւ: Լոզանում կայանալիք դատավարությունը, որի համար հիմք է ծառայել Շվեյցարիայի Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ հակառասիստական օրենքի խախտումը, կարող է հարաբերությունների լարման պատճառ դառնալ Շվեյցարիայի եւ Թուրքիայի միջեւ: Դատավարության մեկնարկի մասին հաղորդագրությունն արդեն լայն արձագանք է գտել Թուրքիայում, որտեղ ազգայնականները, եւ մասնավորապես «Թալահաթ փաշա կոմիտեն» հայտարարում են, որ «դա դատավարություն է Թուրքիայի դեմ»: Իր հերթին, Շվեյցարիայի հայերի ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Պերինչեկի հնարավոր դատապարտումը Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար յուրատեսակ «պրեմյերա» կհանդիսանա: Հայերի ընկերակցությունը նշում է նաեւ, որ հնարավոր են Պերինչեկի կողմնակիցների ցույցեր, որպես շվեյցարական իշխանություններին վախեցնելու փորձ, ինչն, իրենց կարծիքով, անընդունելի է:



Հիշեցնենք, որ 2005 թվականի սեպտեմբերին Շվեյցարիայի իրավապահ մարմինները մեղադրանք ներկայացրեցին Թուրքական աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Պերինչեկին, որն արդեն երրորդ անգամ խախտել էր Շվեյցարիայի հակառասիստական օրենքը, մերժելով Հայոց ցեղասպանության փաստը: Ինչպես հայտարարել է Բեռնի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մարկո Կորտեսը, Պերինչեկը Բեռնում իր ելույթի ժամանակ Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ» եւ հաջորդ օրը կրկնել է այդ արտահայտությունը Ցյուրիխի կոնֆերանսում: Ըստ Շվեյցարիայի օրենսդրության, Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտումը կամ արդարացումը հակասում է հակառասիստական օրենքին եւ դիտվում է որպես քրեորեն պատժելի արարք: Նմանատիպ հայտարարությամբ Դողու Պերինչեկը հանդես է եկել նաեւ 2005 թ. մայիսին: Բացի այդ, Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահը, որը հաճախ է այցելում Շվեյցարիա, ժխտել է Հայոց ցեղասպանությունը հուլիսի վերջին կայացած Լոզանի պայմանագրի կնքման 82-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք նաեւ, որ Շվեյցարիայի դատական մարմինները քրեական գործ են հարուցել Թուրքիայի Գիտապատմական միության նախագահ Յուսուֆ Հալաջօղլուի դեմ, որը նույնպես ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնական Անկարան բազմիցս է դատապարտել Շվեյցարիայի կառավարությանը եւ դատական մարմինների որոշումները, ինչին Շվեյցարիայի իշխանությունները հետեւողականորեն պատասխանում են, որ երկրի դատական համակարգը կառավարությունից անկախ է գործում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---