ԼՂՀ ԱԳՆ. Սպիտակ ֆոսֆորի մասին խոսակցություններով Բաքուն ուզում է շեղել ուշադրությունը սեփական հանցագործություններից

ԼՂՀ ԱԳՆ. Սպիտակ ֆոսֆորի մասին խոսակցություններով Բաքուն ուզում է շեղել ուշադրությունը սեփական հանցագործություններից

PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությանը` ապրիլի 2-5 մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես, սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն մայիսի սկզբին հայտարարել է, թե մտադիր է Ադրբեջանում հավատարմագրված արտերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացնել չպայթած ֆոսֆորային զինամթերքը, որը հայտնաբերվել է շփման գծին մոտ ադրբեջանական գյուղերից մեկում: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, այն քիմիական նյութ է պարունակում:

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն մեջ մասնավորապես ասվում է, որ շարունակելով միջազգային հանրությանն ապատեղեկացնելու ավանդական արշավը՝ Ադրբեջանը չի խորշում դիմել կեղծիքների և բացահայտ մեքենայությունների։ Իր քարոզչական գործողություններին կշիռ հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը փորձում է դրանց մեջ ներքաշել նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ու ռազմական կցորդներին։

«Կեղծարարությունն ու իրականության խեղաթյուրումը վաղուց արդեն կանոնավոր բնույթ են ձեռք բերել և դարձել Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մասը։ Դեռևս 1992 թ. ադրբեջանական կողմը հանդես էր գալիս քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին համանման մեղադրանքներով, որոնք այն ժամանակ հերքվեցին ՄԱԿ-ի հատուկ փաստահավաք առաքելության կողմից։ ՄԱԿ-ի փորձագետների հետևությունների ու եզրակացությունների հիման վրա, որոնք ներկայացված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1992 թ. հուլիսի 24-ի S/24344 թվակիր փաստաթղթում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հաստատեց, որ «խմբին չի ներկայացվել քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որևէ ապացույց»:

Հաջորդած տարիներին ադրբեջանական կողմը հանդես է եկել նույնքան անհեթեթ և չհաստատված մեղադրանքներով՝ 1993 թվականին Ադրբեջանի դեմ միջուկային զենքի կիրառման և ԼՂՀ-ում միջուկային թափոնների թաղման (ԵԽԽՎ 2002 թ. մայիսի 7-ի N 9444 փաստաթուղթ), Հայաստանն ու ԼՂՀ-ն բակտերիոլոգիական զենքի բազայի վերածման (ԵԽԽՎ 2002 թ. հունվարի 31-ի N 9336 փաստաթուղթ), թմրամիջոցների աճեցման ու արտադրության և այլնի վերաբերյալ։ Ընդ որում, ադրբեջանական կողմը վկայակոչում էր գոյություն չունեցող գիտական հանդեսներ, զեկույցներ, կազմակերպություններ և լաբորատորիաներ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ վերակենդանացնելով հին հերյուրանքները՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է արդարացնել ուժի կիրառման և 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի լիակատար ու անշեղ պահպանումից (ինչը պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները) հրաժարվելու իր քաղաքականությունը, այլև նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը ԼՂՀ զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի իրագործած իրական ռազմական հանցագործություններից։

«Այս կապակցությամբ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ առավելագույնս քննադատաբար մոտենալ ադրբեջանական կողմի այդօրինակ մերկապարանոց պնդումներին։

ԼՂՀ-ն իր հերթին պատրաստ է ընդունել հատուկ դիտորդական առաքելություն՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու և ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել էր Ադրբեջանում շրջանառվող այն «տեղեկություններին» թե, իբր, հայկական կողմը քիմիական զենք է օգտագործել Ադրբեջանի դեմ:«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանն անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» (Վախի աչքերը մեծ են. ինչ չկա, դա էլ են տեսնում)»,-ասվում է Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունն այն մասին, թե իբր ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերն ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով, Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---